Բաքու, 1990, հունվար

Սովորական ցեղասպանություն - վավերագրական ֆիլմաշար

Սցենար

Սա ժամանակակից Բաքուն է` քաղաք, որ ձգտում է կուրացնել իր ցուցադրական փայլով ու շքեղությամբ: Այսօր այստեղ ցասումով խուսափում են այն մարդկանց հիշելուց, ովքեր այդ քաղաքում ապրել ու արարել են հիմնադիրների իրավունքով և անջնջելի հետք թողել քաղաքի նկարագրի վրա: Այն ազգի ներկայացուցիչներին, ովքեր Խորհրդային Ադրբեջանի համահիմնադիրներն են: Ներկայիս Բաքվի տերերը հակահայկականությունը բարձրացրել են պետական քաղաքականության աստիճանի՝ ձգտելով ոչնչացնել Բաքվի հայության և 1990 թվականի հունվարյան օրերի հրեշավոր հանցագործությունների հիշատակը: Եվ այսօր քչերը կհավատան, որ այդ քաղաքն ընդամենը 20 տարի առաջ խեղդվում էր արյան մեջ, իսկ փողոցներում միջնադարյան դաժանության և բարբարոսության խրախճանք էր բորբոքվում… Ընդամենը 20 տարի առաջ…

Այն, ինչ տեղի է ունեցել Բաքվում 1990 թվականի հունվարի 13-ից 19-ը, դժվար է բառերով վերարտադրել: Դա վտանգավոր է մարդասիրական և քաղաքակիրթ հարաբերությունների արժեքներով առաջնորդվող նորմալ մարդու հոգեկան առողջության համար: Խնայելով դիտողին` հայերի նկատմամբ իրականացված առավել դաժան հաշվերահարդարների մասին վկայություններ չենք բերի: Այս ֆիլմի նպատակը 1990 թվականի Բաքվի իրադարձությունների մասին ճշմարտությունն ասելն է, բայց ոչ ատելության և թշնամանքի զգացումներ հրահրելը: Որպեսզի մնանք այն բարձունքում, որը ցուցադրեց հայ ժողովուրդը թե’ այդ, թե’ հայության դեմ Ադրբեջանի սանձազերծած սոսկալի հաշվեհարդարի այլ օրերին:

«1990 թվականի հունվարի 13-ին` ժամը 17-ից հետո, Լենինի հրապարակից դուրս եկած մոտ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց ջարդեր, ավերածություններ, հրկիզումներ, բռնություններ ու սպանություններ…»,- «Իզվեստիա», 1990 թվականի հունվարի 15:

Ահռելի ամբոխը, վանկարկելով «Փա՜ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՜ առանց հայերի Բաքուն» կարգախոսները, հավաքվեց Լենինի հրապարակում: Երեկոյան կողմ սկսվեցին աներևակայելի դաժանությամբ և սադիզմով կատարվող ջարդերը. հայկական թաղամասի մերձակա շրջանը դարձավ զանգվածային սպանությունների թատերաբեմ: Մարդկանց ցած էին նետում շենքերի վերին հարկերից, իսկ ամբոխը հարձակվում էր հայերի վրա և ծեծելով սպանում:

«Հանրահավաքների ժամանակ լսվում էին հայերին Բաքվից վտարելու կոչեր: Ամբոխը վանկարկում էր հակահայկական կարգախոսներ, հենց դրանից հետո էլ տեղի ունեցան ամենասահմռկեցուցիչ իրադարձությունները: Ամբոխի պարագլուխների ձեռքներին հայտնվեցին այն հայերի ցուցակները, ովքեր դեռ շարունակում էին մնալ Բաքվում: Նրանց սկսեցին հետապնդել»,- հաղորդում էր Բաքվից մոսկովյան ռադիոկայանի թղթակիցը:

«Շատ հարձակումներ իրականացվում են առանձնակի դաժանությամբ: Հունվարի 14-ին 30-40 հոգուց բաղկացած մի հրոսակախումբ ներխուժել է տարեց Թորոսյան ամուսինների բնակարան, որտեղ այդ պահին եղել են նաև նրանց երկու ազգականուհիները` նույնպես տարեց հասակի: Հանցագործները բոլորին ենթարկել են ծեծի, նրանցից խլել 3,5 հազար ռուբլի, ապա նշված անձանց և նրանց հարևանուհի Արուտյունովային բռնի ուժով տեղափոխել են քաղաքից դուրս, բենզին լցրել նրանց վրա և այրել», գրում է Կիրիլ Ստոլյարովը “Распад” գրքում:

Հունվարի 15-ին «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է.«Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայկական թաղամասում հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը գազազած ամբոխն առնվազն 25 մարդ է սպանել: Ըստ նախնական տվյալների` զոհերի թիվը հասնում է 25-ի»:

«Բաքվում սկսված ջարդերն ու հարձակումները հունվարի 15-ին շարունակվում են: Նախնական տվյալներով` վերջին երեք օրերին տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվել է 33 մարդ: Սակայն այս թիվը չի կարելի վերջնական համարել, քանի որ դեռևս ստուգված չեն Բաքվի բոլոր բնակարանները, որտեղ եղել են ջարդարարները…»,- «Իզվեստիա», 1990 թվականի հունվարի 16:

Բաքվի կենտրոնական փողոցներից մեկը` Լենինի պողոտան, ողողված էր արյունով: Ադրբեջանի մայրաքաղաքում բնակվող ռուսները սարսափով են վերհիշում իրենց հարևանների նկատմամբ իրականացված հաշվեհարդարի տեսարանները, որոնք սպանվում էին դիմահար կրակոցով, պատշգամբներից ցած էին նետվում, ողջակիզվում և անգամ քառատվում ադրբեջանական գազազած ամբոխի ձեռքով:

«Սրանք ամենաանգութ մարդասպաններն էին: Հարձակվում էին և’ տղամարդկանց, և’ կանանց, և’ ծերերի, և’ երիտասարդների վրա: Միայն այն պատճառով, որ նրանք հայ էին: Ադրբեջանում հայ լինել նշանակում էր կանխավ դատապարտված լինել մահվան»,- հեռախոսով հաղորդում էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը Բաքվից:

«Հունվարի 16-ին Բաքվում բացահայտվել է հայերի բնակարանների վրա հարձակման 64 դեպք: Հանրապետության մայրաքաղաքի Լենինյան շրջանում հայտնաբերվել է 4 մոխրացած դիակ, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ:»,- հունվարի 18, «Իզվեստիա»:

«Հունվարի 17-ին Բաքվում իրականացվել է 45 բնակելի տների վրա հարձակում և հրկիզում»,- «Իզվեստիա», հունվարի 19:

Հունվարի 18-ին ռուս բանաստեղծ Դավիդ Սամոյլովն իր օրագրում գրում է. (տեքստը) «Ադրբեջանի վայրենությունը ցնցում է: Մտքերս միայն դրա մասին են»:

Իր հայրենակիցների աննախադեպ սադիզմի և իրավապահ մարմինների անգործության մասին վկայել է անգամ Ազգային ճակատի առաջնորդներից մեկը` Էթիբար Մամեդովը.

«Անձամբ ականատես եմ եղել, թե ինչպես երկաթուղային կայարարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի. հավաքվեց ամբոխը, հայերի վրա բենզին լցրեցին և վառեցին, իսկ դրանից 200 մետր հեռավորության վրա գտնվում էր Նասիմինյան շրջանի միլիցիայի բաժանմունքը, որտեղ այդ պահին ներքին զորքերի 400-500 զինվոր կար: Նրանք վառվող դիակներից 20 մետր հեռավորության վրա շրջում էին մեքենայով, և ոչ ոք շրջանը պաշարելու և ամբոխը ցրելու որևէ փորձ չարեց»,- «Նովայա ժիզն» թերթ, 1990, թիվ 5:

«ՏԱՍՍ»-ի հաղորդագրությունից. (տեքստը) «Հունվարի 19-ին կրկին անկարգություններ և ջարդեր եղան, որոնց հետևանքով մարդկային զոհեր կան»:

«Անցած շաբաթ Բաքվում սպանված հայերի թիվը գերազանցեց սումգայիթյան զոհերի ցուցակը: Սա նոր ողբերգություն է` անմիջական հետևանքն այն իրողության, որ փորձում էին, ըստ էության, լռության մատնել առաջինը»,- Անդրեյ Պրալնիկով, «Շիկացած հունվար», «Մոսկովսկիե նովոստի», 21.01.1990 թ.:

Այն օրերին ժողովրդի գենետիկական հիշողությունը համառորեն վկայում էր` սա նույն ցեղասպանությունն է, նույն` ձեռագիրը, նույն դահիճները:

1905-1906 թվականներին Բաքվում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր և սպանություններ, որոնք Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Առաջինը` Խրիմյան Հայրիկը, բնութագրել է որպես «աղաղակող արհավիրքներ»:

Բաքվում ապրող 88673 հայերից տուժեցին 52822-ը, որոնք կազմում էին հայերի ընդհանուր թվի 59,57%-ը: Նրանց թվում էին`

– սպանվածներ` 5248,
– փախստականներ` 31293,
– գերիներ ` 3396,
– անհետ կորածներ` 3572:

«Ծովի ափը հոգեցունց տեսարանների վկան է եղել: Փախուստի դիմողների հոծ բազմությունը և նավերի սակավությունը առաջացնում էին մի սոսկալի իրարանցում: Հարազատները կորցնում էին իրար. ծնողները` երեխաներին, եղբայրը` քրոջը, ամուսինները՝ միմյանց: Մեկը մեկնում է, մյուսը` մնում տեղ չլինելու պատճառով»: Մեջբերում Բ. Իշխանյանի «Բաքվի մեծ սարսափները» գրքից:

72 տարի անց Բաքվի նավահանգստի այս տեսարանը կրկնվեց նույն վայրում, նույն դաժանությամբ, նույն նպատակով:

Հայերի եղեռնը սովետականացվող Ադրբեջանում շարունակվեց մինչև1923 թվականը` առավել դաժան բնույթ ստանալով 1920 թվականի մարտին, Շուշիում, որտեղ անողորմ կոտորածի զոհերի թիվը անցավ 20 հազարից:

Հետագայում արդեն խորհրդային կեղծ ինտերնացիոնալիզմով քողարկված 65 տարիներին անպատիժ ընթացող բռնությունների, ահաբեկչությունների, հալածանքների հետևանքով պատմական հայրենիքից վտարվեցին հարյուր հազարավոր հայեր:

Բացահայտ բնույթ ստացած «սպիտակ եղեռնին» ի պատասխան` ինքնորոշված արցախահայությունը դիմեց իր իրավունքների պաշտպանությանը օրինական և խաղաղ ճանապարհով:

1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների խորհրդի նիստում որոշում ընդունվեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ փոխադրելու խնդրանքով: Ղարաբաղի հայերի այս սահմանադրական պահանջի պատասխանը եղավ «սումգայիթը», որը բացահայտեց ի սկզբանե գոյություն ունեցող քաղաքակրթական ջրբաժանը հայերի և մարդ էակի կոչումն արատավորող մոլեռանդ ազգայնականների միջև: Սումգայիթի դաժան, հրեշավոր ջարդերը, որոնք մինչ օրս չեն արժանացել գնահատականի, դարձան 1988-1992 թվականներին ամբողջ Ադրբեջանում սանձազերծված հակահայկական արյունալի խրախճանքի նախերգանքը:

1988 թ., փետրվար, Սումգայիթ. սպանվածներ, ողջակիզվածներ, խոշտանգվածներ, վիրավորներ, 18 000 բռնի տեղահանվածներ:
1988 թ., մայիս. Շուշիի ողջ հայ բնակչության բռնի տեղահանում:
1988 թ., ամառ-աշուն. Հյուսիսային Արցախի տասնյակ բնակավայրերից հազարավոր բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ:
1988 թ., նոյեմբեր-դեկտեմբեր. ջարդերի և բռնի տեղահանության հորձանք ամբողջ Ադրբեջանում: 1988 թվականի նոյեմբերին արդեն Հայաստանը հեղեղվեց Բաքվից և Ադրբեջանի այլ բնակավայրերից դաժան հաշվեհարդարից փախուստի դիմած հարյուր հազարավոր հայերով:

Նոյեմբերի 21-27-ին հնչեց ահազանգը` Կիրովաբադի (հայկական Գանձակի) իրադարձությունները : Ըստ ոչ ամբողջական տվյալների` 7 օրվա ընթացքում քաղաքում

սպանվել է 18,
անհետ կորել` 60,
ծանր վիրավորվել 74 մարդ:

Միայն հայերի կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ հաջողվեց կանխել համատարած սպանություններն ու ջարդերը: Գանձակից վտարվեց 45 հազար հայ:

1989 թվականին սկսվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական շրջափակումը: Ավազակային հարձակումներ ու ջարդեր, խաղաղ բնակիչների դաժան սպանություններ, ծայրամասային գյուղերի ազգաբնակչության բռնի տեղահանում, մարդկանց առևանգումներ, խոշտանգումներ և կտտանքներ:

Բաքվում իրավիճակն օր օրի լարվում է. հայերին զանգվածաբար հեռացնում են աշխատանքից, նրանց վիրավորում ու ստորացնում են հիմնարկներում, հասարակական տրանսպորտում, խանութներում, բնակշահագործման գրասենյակներում, ուր նրանք դիմում են փաստաթղթեր ստանալու համար, ծեծում ու սպանում են: 1988-89 թվականներին իրականացված էթնիկ զտումների հետևանքով նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնի տեղահանվեց ավելի քան 500 հազար հայ:

«Բաքվի հունվարյան հայկական ջարդերին նախորդող մեկ տարվա ընթացքում տներում, աշխատավայրերում, փողոցներում «աննկատ» սպանվել է ավելի քան 60 հայազգի քաղաքացի, հարյուրավոր հայեր հաշմվել են, տասնյակ հազարավորները` վտարվել, «Հունվարյան սև սառնամանիքը» հոդվածում գրում էր «Ավտո» թերթը 1991 թվականի հունվարին:

Ահավասիկ մեկ ամսվա մի քանի դրվագ.

Դեկտեմբերի 1

Բաքվում տանջամահ է արվել Ռիլեևի 27 հասցեի բնակիչ, ազգությամբ հայ, 60-ամյա Կասպարովը:
Նույն օրը սպանվել է ևս մեկ հայ, որի անունը անհայտ է մնացել:
Պղծվել են հայկական գերեզմանները, քարուքանդ արվել` տապանաքարերը:

Դեկտեմբերի 10

Դաժան խոշտանգումներից հետո իր տանը սպանվել է 69-ամյա հայ Սուրեն Գրիգորյանը:

Դեկտեմբերի 16

Բաքվի մետրոյի «Ապրիլի 28» կայարանում երկու հայ հարձակման և ծեծի է ենթարկել: Մեկին ծեծելով սպանել են, մյուսին հաջողվել է փախուստի դիմել:

Դեկտեմբերի 26

Բաքվի Շատրվանների հրապարակում հրդեհվել է հայկական եկեղեցին:

Դեկտեմբերի 31

Արաքս գետի ողջ երկարությամբ քանդվել և ոչնչացվել է Նախիջևանի Ինքնավար Մարզի և Իրանի սահմանը:

Բաքվի հունվարյան ջարդերին մնացել էր ընդամենը երկու շաբաթ…

1990 թ. հունվարին Բաքվում 230 հազարից մնացել էր մոտ 35 հազար հայ` հիմնականում տարեց և հիվանդ մարդիկ և նրանց խնամող հարազատներ: Մինչդեռ քաղաքում նպատակաուղղված բորբոքվում էր հակահայկական պսիխոզը, չէին դադարում Ազգային ճակատի բազմահազարանոց հանրահավաքները, որոնց գլխավոր կարգախոսներն էին` «Մահ հայերին» և «Փառք Սումգայիթի հերոսներին»:

Հունվարի 10-ին արտակարգ դրություն հայտարարվեց, բայց ոչ թե Բաքվում, այլ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և մի շարք այլ հայաբնակ շրջաններում, որտեղ խաղաղ հանրահավաքներ էին տեղի ունենում` հայերի դեմ բռնությունները դադարեցնելու պահանջով:

Հայ խաղաղ բնակչության նկատմամբ պետական ահաբեկչական քաղաքականությունը մոտենում էր իր տրամաբանական ավարտին:

Հունվարի 12-ին Ադրբեջանի ազգային ճակատի արմատական թևի ներկայացուցիչներ Նեյմաթ Փանախովը և Ռահիմ Գազիևը հանրահավաքում հայտարարեցին, որ քաղաքը լեփ-լեցուն է անօթևան փախստականներով, մինչդեռ հազարավոր հայեր շարունակում են ապրել հարմարավետ բնակարաններում:

«Եվ նույն պահին հինգ հազար ցուցարարներ ցրվեցին քաղաքով մեկ` ձեռքներին հայկական բնակարանների հասցեները, – երկու ամիս անց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստում ասաց ԽՍՀՄ ներքին գործերի մինիստր Վադիմ Բակատինը:

,Армяне Баку: бытие и исход» գրքի հեղինակ Իրինա Մոսեսովան ներկայացնում է ջարդերի նախապատրաստման և իրականացման հստակ մեխանիզմը:

1. Քաղաքի մանրամասն քարտեզի կազմում` բաժանված շրջանների ու թաղամասերի, քաղաքում մնացած հայերով խիտ բնակեցված վայրերի նշումներով:

2. Լայնածավալ հարձակողական հակահայկական քարոզարշավ ԶԼՄ-ներով`

ադրբեջանական մտավորականության մեծ մասի նախաձեռնությամբ:

3. Քաղաքի փողոցներում և հասարակական տրանսպորտում ազգությամբ հայ բնակիչների վրա հարձակումներ, ծեծ և սպանություններ:

4. Առաջիկա ջարդերի ընթացքում բնակշահագործման գրասենյակների, միլիցիայի վարչությունների և «շտապ օգնության» ծառայության գործողությունների այսպես կոչված համակարգում, որն իրականում ոչ այլ ինչ էր, քան այդ ծառայությունների կազմակերպված կազմալուծում:

1990 թվականի հունվարից հետո Բաքվից փախած ռուս բնակիչները վկայում էին.

«Երբ սկսվեցին ջարդերը, ծայրահեղականների ձեռքին հայտնվեցին հայերի, ռուսների և խառը ընտանիքների բնակության ճշգրիտ հասցեները»:

Ջարդարարների ձեռքին էին ոչ միայն հասցեները, այլև Բաքու քաղաքի քարտեզը, որում խաչերով նշված էին հայահոծ վայրերը` զանգվածային սպանությունների և բռնությունների ուղեցույցը:

Հենց այդ օրերին հեռուստատեսությամբ հնչեց Ադրբեջանի կոմկուսի առաջին քարտուղար Աբդուլրահման Վեզիրովի հիստերիկ և հայատյաց բառապաշարով հագեցած ելույթը: Դա բարբարոսությունը սկսելու կոչ էր: Եվ բարբարոսներն անցան գործի. այն գործին, որի մասին դեռ 1988 թ. հուլիսի 18-ին ի լուր համայն երկրի ակնարկեց Մ. Գորբաչովը` հարց տալով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության ընդլայնված նիստում Հայաստանի պատգամավորներին. «Իսկ դուք մտածե՞լ էք, թե ինչ կարող է պատահել Բաքվի 200-հազարանոց հայ բնակչությանը»:

Գեներալ Ալեքսանդր Լեբեդը (կադրեր) «За державу обидно» գրքում գրում է.

«Որսում և մահու չափ ծեծում էին հայերին, և նրանց հետ նաև հրեաներին, օսերին, վրացիներին և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով նման էին հայի: Ծեծում էին, ինչպես ասում են, ըստ դեմքի, այլ ոչ ըստ անձագրի»:

«.. Բաքվի հայկական ջարդերի ընթացքում գազազած ամբոխը բառիս բուն իմաստով կտոր-կտոր արեց մի մարդու, իսկ նրա մարմնի մասերը նետվեցին աղբարկղը»,- «Սոյուզ» շաբաթաթերթ, 1990 թ. մայիսի 19:

,Խմբի հրամանատարը` ազգությամբ ադրբեջանցի Ռոմկան, հանձնարարությամբ քաղաք է գնում: Վերադարձին անմիջապես օղի է խնդրում: Նյարդերը չեն դիմանում: Տեսել է, թե ինչպես են բարձրահարկի պատշգամբից դուրս նետել մի կնոջ: Մերկ: Ուղիղ կահույքի խարույկի մեջ: Կահույքը, հասկանալի է, հենց նրա բնակարանից էր: Իսկ հետո… Ազգային ճակատի գրոհայինը պատշգամբից թափահարում էր այդ կնոջ ականջները»: Խորհրդային բանակի սպա Ալեքսեյ Վասիլևի վկայությունից:

Մարտի 5-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի փակ նիստում Եվգենի Պրիմակովը` հայտարարեց.

«Մենք ականատես եղանք, թե ինչպես ստեղծված իրավիճակում, երբ սկսված վայրենի հակահայկական ջարդերը հանգեցրին հազարավոր մարդկային զոհերի, հաշված օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զրկվեցին օթևանից և բռնի տեղահանվեցին հանրապետությունից»:

Տառապանքների ու ցավի բաժակը մինչև վերջ դատարկած հայերը մի ցանկություն ունեին` փրկվել, լքել դժոխք դարձած այդ քաղաքը:

Հրաշքով փրկվածներին մղում էին դեպի նավահանգիստ, դեպի Թուրքմենական ԽՍՀ նավարկող լաստանավերը: Ամբողջ գործընթացը տեղի էր ունենում ինչպես պաշտոնական իշխանությունների, այնպես էլ Ազգային ճակատի աչալուրջ հսկողությամբ: Նավահանգստում փախստականներին խուզարկում էին, խլում այն վերջինը, ինչ պատահական մնացել էր նրանց մոտ, նորից ծեծում և ստորացնում:

“Լաստանավը մոտենում է Կրասնովոդսկի նավահանգստին. այդ արտասովոր երթուղիները ավելի քան մեկուկես օր են տևում: Սանդուղքից իջնում են հոգնած, տանջահար մարդիկ: Կամավորականները` Կրասնովոդսկի երիտասարդները, ուժասպառ ծերունիների թևերն ընկած` օգնում են իջնել»,- գրում էր հունվարի 15-ին «Կրասնովոդսկի մայակ» թերթը:

“Հունվարի 15-ից, երբ փախստականներով լցված առաջին լաստանավը մոտեցավ նավահանգստին, անցել է 4 օր, բայց պատկերը գրեթե չի փոխվել: Երկու հոգի` կին և տղամարդ, 85-90 տարեկան, ստացած վերքերից մահացան հենց նավի վրա, տեղափոխվելու ընթացքում»,- հունվարի 19-ին վկայում էր ներքին գործերի Կրասնովոդսկի քաղաքային բաժանմունքի պետ, մայոր Յուրի Կարամզինը:

«Մենք արդեն ընդունել ենք ավելի քան 10 հազար փախստական: Գրեթե բոլորին ինքնաթիռներով ուղարկել ենք Երևան: Սարսափելի պատկեր է» – Կրասնովոդսկի կուսակցության քաղկոմի քարտուղար Մուրավյովա:

Թուրքմեն ժողովուրդն այն օրերին բարոյական բարձրության վրա էր` ցուցաբերելով անկեղծ գթասրտություն ու կարեկցանք մեծ աղետի մեջ հայտնված հայերին:

Երևանում առաջին փախստականներին ընդունեցին հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը: Միայն մեկ օրվա ընթացքում Երևան ժամանեց 18 օդանավ: Բոլորին հարկավոր էր տեղավորել, տաքացնել, կերակրել, բուժել` բարոյապես և ֆիզիկապես:

«Հենց որ Կրասնովոդսկի լաստանավային փոխադրումը սկսվեց, նրանք հազարներով նետվեցին դեպի Մոսկվա, լցվեցին օդանավակայաններն ու երկաթուղային կայարանները: Տատիկներ, որոնց ձեռքներին ազգայնականները ծխախոտ էին հանգցրել, կիսամերկ, տնային հողաթափերով երեխաներ, տառապանքից հանգած աչքերով տղամարդիկ և կանայք: Մենք տեսանք հայերի, որոնք մեղավոր էին սոսկ այն պատճառով, որ հայ էին ծնվել, և տեսանք ադրբեջանցիների, որոնց վտարել էին սոսկ այն պատճառով, որ նրանց հայրը, մայրը, կինը կամ ամուսինը այլազգի էին…», գրում է Անատոլի Գոլովկովը «Ներթափանցող վերք» հոդվածում, «Օգոնյոկ» ամսագիր, N 6, 1990 թ.

Հաջորդ երկու ամիսներին Երևանի հիվանդանոցներում ստացված վերքերից և խեղումներից մահացավ 32 հոգի, որոնք լրացրին, չճշտված տվյալներով, մոտ 300 նահատակների ողբերգական ցուցակը: Այլ քաղաքներում մահացածների թիվն այդպես էլ մնաց անհայտ:

«ՏԱՍՍ»-ի 1990 թ. հունվարի 22-ի հաղորդագրությունից.

«Այս օրերին ավելի քան 30 հազար մարդ` խորհրդային բանակի և ռազմա-ծովային ուժերի ծառայողների ընտանիքների անդամներ, տարհանված են Ադրբեջանական ԽՍՀ-ից»: Ռազմա-պատմական մի ամսագրում 1990 թ. հուլիսին տպագրված հոդվածի համաձայն` 1990 թ. հունվար-փետրվար ամիսներին Բաքվում զոհվել է 30 զինվորական:

Իսկ այդ Ժամանակ Կրեմլի ղեկավարությունը խորհրդակցություն էր անցկացնում. որոշում էին` զորք մտցնե՞լ քաղաք, թե՞ ոչ: Ընդհուպ մինչև հունվարի 19-ը Գորբաչովը և Կրեմլը չէին միջամտում կատարվածին, թեպետ քաղաքում բավարար թվաքանակով կայազոր և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքեր կային, որոնք կարող էին արագ կարգուկանոն հաստատել:

«Մոսկովսկիի նովոստի» թերթում 1990 թ. փետրվարի 4-ին տպագրված հոդվածից. «Ի տարբերություն Սումգայիթի` խորհրդային բանակը Բաքու մտավ ոչ թե երեք ժամ, այլ մի ամբողջ շաբաթ «ուշացումով»: Ասենք, Բաքվի ջարդերը կանխելու համար կբավարարեին նաև խորհրդային բանակի Բաքվի կայազորի և Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերի ուժերը: Զորքը ջարդարարների պաշարած քաղաքը մտավ ոչ թե կոտորածը կանխելու համար, այլ որպեսզի Ադրբեջանական ԽՍՀ-ի իշխանությունը վերջնականապես չանցնի Ազգային ճակատի ձեռքը»:

«Սոբեսեդնիկ» շաբաթաթերթում տպագրված հոդվածից.

«Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նիստը դատապարտեց քաղաք զորք մտցնելը: Բայց ինչո՞ւ էին թույլ տրվում հայերի ջարդերը, որոնք սկսվել էին Բաքվում օգոստոս ամսից: Ինչո՞ւ էին այդ ջարդերը, որ զորք մտցնելու պատճառ էին դարձել, տեղի ունենում իշխանությունների լուռ թողտվությամբ»:

Հունվարի 20-ին վերջապես քաղաք մտավ խորհրդային զորքը: Մտավ ոչ թե սպանդը դադարեցնելու և ծերունիներին, կանանց ու հաշմանդամներին փրկելու համար… Մտավ այն ժամանակ, երբ Բաքվի հայությունն իսպառ վերացվել էր: Խորհրդային շատ զինվորականներ և սպաներ, գործելով առանց հրամանի, իրենց խղճի թելադրանքով, փրկում էին հայերին` օգնելով նրանց դուրս պրծնել դժոխքից:

«Իրադարձությունների զարգացման ընթացքն անհերքելիորեն ապացուցում է այն ճշմարտությունը, որ (…) Բաքվում հայերի ցեղասպանությունը և քաղաքի ուրիշ ազգությունների ներկայացուցիչների ջարդերը սոսկ շղարշ են ադրբեջանական ազգայնականների և անջատողականների հեռուն գնացող նպատակները քողարկելու համար»,- ասված է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի փետրվարի 13-ի որոշման մեջ:

Ցեղասպանության ոճրագործության կանխման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հռչակում է.

Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետեւյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

1. Խմբի անդամների սպանություն.
2. Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.
3. Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.

Արյունոտ շաբաթվա իրադարձությունների մասին աշխարհը չիմացավ և չցնցվեց ցավից ու ցասումից: Բաքվի դեպքերի լուսաբանումները ժլատ էին ու կանխակալ: Դեռևս ամուր ԽՍՀՄ-ում ոչ ոքի պատասխանատվության չենթարկեցին և չպատժեցին: Մարտի 5-ին տեղի ունեցավ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի փակ նիստ, որի ընթացքում մի շարք խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաներ ամենայն անկեղծությամբ պատմեցին Բաքվի կոտորածի մասին` ներկայացնելով սարսափելի մանրամասներ: Այդ մանրամասներն այդպես էլ երբևէ չհայտնվեցին մամուլի էջերում:

20 տարի է անցել հայերի ջարդերից և Բաքվից բռնի տեղահանումից: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը: Փորձում են պատմության էջերից ջնջել հայերի` Բաքվի բնիկ բնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը:

Սա ժամանակակից Բաքվի այսպես կոչված «շահիդների ծառուղին» է, որտեղ գտնվում են հերոսներ հռչակված ջարդարարների և մարդասպանների գերեզմանները: Արտասահմանից ժամանող բարձրաստիճան պաշտոնյաներն արարողակարգով պարտադրված են այցելել այս վայրը և հարգանքի տուրք մատուցել. ճիշտ այնպես, ինչպես դա անում են Թուրքիայում նույն նպատակով, նույն ձեռագրով 1915 թվականին իրականացված Ցեղասպանության գաղափարախոս և կազմակերպիչ Աթաթուրքի նկատմամբ:

Այսօր Ադրբեջանում փաստորեն հայ չի մնացել: Այլատյացությունն ու հայատյացությունը բարձրացել են Ադրբեջանի` մի ամբողջ դար անփոփոխ մնացած պետական քաղաքականության աստիճանին: Ամբողջ աշխարհի աչքի առջև Ադրբեջանում ոչնչացվում են քրիստոնեական գերեզմանոցներն ու հուշարձանները:

Այս ամենն ազդանշան է միջազգային հանրությանն այն մասին, որ Հարավային Կովկասում երբեք չի կարող հաստատվել արդար և կայուն խաղաղություն, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել 1988-1992 թվականներին Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանության կազմակերպիչներն ու իրականացնողները: Այդ մասին պետք է իմանան բոլորը, ովքեր այսօր հովանավորում են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հետ կապված նկրտումներում` գրգռելով նրա ղեկավարների ախորժակը և խրախուսելով Հարավային Կովկասի տարածաշրջանում ցեղասպանության նոր գործողությունների կազմակերպումը:

Ադրբեջանի հայերի դեմ իրականացրած ոչ մի հանցագործություն պատշաճ իրավական և քաղաքական գնահատական չի ստացել: Ոչ մի հանցագործի անուն չի տրվել, և ոչ ոք պատիժ չի կրել: Բաքվի «Նյուրնբերգը» դեռ առջևում է:





stop

Կայքը ստեղծվել է աջակցությամբ հասարակական կազմակերպության "նախաձեռնություն է կանխելու եւ այլատյացության"

Armenia

Պատրաստել աջակցությամբ կենտրոնի հանրային կապերի եւ տեղեկատվության ՀՀ նախագահի աշխատակազմի Հայաստան, Երեւան


karabakhrecords

Copyright © KarabakhRecords 2010

fbfbfb

Վարչակազմը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն հետ կապված տեղաբաշխման առցանց բացառիկ նյութի վրա այդ իրադարձությունների.

E-mail: info@karabakhrecords.info