Բարոնուհի Քերոլայն Քոքս.
«Ադրբեջանը պետք է չկարողանա անպատիժ մնալ»
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Պետք է դուրս գալ այն անպատժելիության դեմ, որով նա իրականացնում է այս շատ վատ պրակտիկան։ Նրանք չպետք է կարողանան այսպես անպատիժ մնալ»:
Այս խոսքերը 2021 թ. ապրիլի վերջին Karabakh Records-ի հետ հարցազրույցում նշեց բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Բարոնուհի Քոքսը Արցախյան առաջին պատերազմի առաջին իսկ օրերից հայությանն ու Արցախին օգնության ձեռք մեկնած առաջին անձանցից մեկն է։ Հայաստան և Արցախ կատարած անթիվ այցերից և մարդասիրական օգնությունից զատ՝ Քոքսն այն եզակի գործիչներից է, որը միջազգային բարձր ամբիոններից մշտապես բարձրաձայնել է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության մասին և անվերապահորեն աջակցել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացմանը։
Լինելով 1992 թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի ՊՆ և ՕՄՕՆ-ի ստորաբաժանումների (ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ) իրականացրած Մարաղայի կոտորածի առաջին օտարերկրացի ականատեսը՝ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի նախկին փոխխոսնակը շուրջ 30 տարի մնաց և եղավ հայերի կողքին։ Մարդասիրական աշխատանքին զուգահեռ՝ Քոքսը նաև կարևորագույն նշանակություն ունեցող փաստագրական գործունեություն է իրականացրել Մարաղայում՝ փորձելով միջազգային հանրությանը, և մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի կառավարությանը հստակ ներկայացնել Ադրբեջանի իրական դեմքը, որը մինչ օրս բոլոր հնարավոր սցենարներով քողարկվում է Ադրբեջանի քարոզչամեքենայի միջոցով։
Բարոնուհու համար հատկապես ահազանգող և անընդունելի է, որ մինչ օրս հարյուրավոր հայ ռազմագերիներ անօրինական կերպով պատանդ են պահվում Ադրբեջանում, ենթարկվելով անմարդկային տանջանքների, որոնց տեսագրություններին անձամբ ծանոթ է նաև վերջինս։
«Կարծում եմ մեծ նմանություն կա այն վայրագությունների և պատերազմական հանցագործությունների միջև, որ տեղի են ունեցել 1990-1994 թթ. պատերազմի ժամանակ։ Ես Մարաղայում էի կոտորածից անմիջապես հետո. տները դեռ վառվում էին, նրանց գլուխները դեռ նոր էին կտրվել, մենք տեսել ենք գլխատված մարմինները, և տեսել ենք նաև մյուսներին, ովքեր վիրավոր էին, ովքեր կորցրել էին սիրելիներին։ Դա վայր էր, որտեղ իրական կոտորած էր տեղի ունեցել, իրական հանցագործություն մարդկության դեմ»։
Չնայած սրան՝ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել ո՛չ առաջին, և ո՛չ էլ երկրորդ պատերազմում իրականացրած ռազմական հանցագործությունների համար։ Ավելին՝ Ադրբեջանում ի սկզբանե պետական մակարդակով խրախուսվել են հակահայ գործունեություն ծավալած բոլոր անձինք։ Քոքսը շեշտում է, որ Ադրբեջանում շատ վտանգավոր մշակույթ է ձևավորվել, որի արդյունքում հասարակությունը հերոսացնում է դաժան սպանություններ գործած անձանց.
«Նախագահ Ալիևի հայտարարությունները հայերի հանդեպ սարսափելի, իսկապես կատաղի ատելություն են պարունակում։ Վախենամ, որ դա հոգեբանության մի մաս է։ Մարաղայի կոտորածին մասնակցած անձանց հերոսացումը ևս հայերի հանդեպ ատելության հոգեբանության խրախուսման մի մաս է»։
Նախքան 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, Քերոլայն Քոքսն ակտիվ ներգրավվածություն է ունեցել Արցախում մարդասիրական օգնության ծրագրերում՝ հանդես գալով ոչ միայն սեփական նախաձեռնություններով, այլ նաև համագործակցելով այլ կազմակերպությունների և անհատների հետ։ Մարդասիրությունն իր ողջ գործունեության հիմքում ընդունած այս խիզախ կինը Արցախում էր նաև վերջին պատերազմի ընթացքում։
«Փորձում ենք տեսնել՝ ինչ է հնարավոր անել։ Ամաչում եմ ասել, որ ընդհանրապես հպարտ չեմ Բրիտանիայի կառավարությունով և իր վարած քաղաքականությամբ, քանի որ այն շատ ադրբեջանամետ է։», - նշում է Բարոնուհի Քոքսը։
Քոքսը ցավով է հիշում պատերազմի ընթացքում Արցախի բնակչության բռնի տեղահանությունը՝ կադր առ կադր ներկայացնելով այն, ինչ տեսել է անձամբ։ Հիշատակում է նաև մշակութային ցեղասպանության դեպքերը, մտովի տեղափոխվելով Նախիջևան՝ Ջուղա, որտեղ հողին է հավասարեցվել հայկական գերեզմանատունը, ողջ հայկական հոգևոր ժառանգությունը։
«Միշտ խորը մտահոգություն կա, որ նրանք նույնը կարող են փորձել անել Արցախում», - նշում է Քոքսը։
Ադրբեջանը շարունակում է անօրինաբար պատանդ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդների, շարունակվում են գրանցվել հայկական պատմական և հոգևոր ժառանգության վանդալիզմի դեպքերը…
«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի։ Պետք է դուրս գալ այն անպատժելիության դեմ, որով նա իրականացնում է այս շատ վատ պրակտիկան։ Նրանք չպետք է կարողանան այսպես անպատիժ մնալ»,- նշում է Քոքսը։
Անպատժելիության դատապարտման, մարդկության դեմ ուղղված հանցանքների բարձրաձայնման և անգնահատելի մարդասիրական աշխատանքների առաջամարտիկ Քերոլայն Քոքսն իր ամփոփիչ ուղերձում արտահայտում է իր զայրույթը Բրիտանիայի կառավարության նկատմամբ՝ նշելով.
«Հայաստանն ու հայությունը պահել են հավատի և ազատության առաջնագիծը ողջ աշխարհի համար, և դուք բարձր զոհաբերությամբ եք վճարել դրա համար, ուստի աշխարհը պետք է շնորհակալություն հայտնի»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում (առկա են ռուսերեն և անգլերեն ենթագրեր)։
Ապրիլ 2021
Կայքը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության Կենտրոնի աջակցությամբ։
Կայքը ստեղծվել է "Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն" հասարակական կազմակերպության աջակցությամբ
Կայքի խմբագրությունը պատրաստ է քննարկել տվյալ իրադարձությունների հետ կապված բացառիկ նյութի առցանց տեղադրելու մասին ցանկացած առաջարկություն։
E-mail: [email protected]