Սովորական ցեղասպանություն - վավերագրական ֆիլմաշար
Այս ֆիլմը մեղադրանք է։ Ցեղասպանության մեղադրանք, որ կատարվել է Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղում 1992 թվականի ապրիլի 10-ին։ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, ով գյուղ է ժամանել ողբերգությունից երկու օր անց, Մարաղան կոչել է ժամանակակից Գողգոթա, միայն թե շատ ավելի սարսափելի։
Սա Նոր Մարաղան է, որտեղ ապրում է ընդամենը 60 ընտանիք. այն մարդկանց ընտանիքները, ում հաջողվել է փրկվել ժամանակակից Գողգոթայի օրը և ով մնացել է Ղարաբաղում ապրելու։ Մարաղան սահմանամերձ գյուղ էր, Մարտակերտի շրջանի ամենախոշոր ու ծաղկուն հայկական գյուղերից մեկը, որտեղ խաղողի փարթամ այգիներ էին աճում… Իսկ կողք-կողքի վեր էր խոյանում նավթային աշտարակը, անցնում էր նավթամուղը… Մարաղային մոտ շրջկենտրոնն էր՝ նավթաբեր Միր Բաշիրը։ Սակայն ոչ մեկի մտքով չէր էլ անցնի, որ երբևէ այդ վտանգավոր հարևանությունը կարող էր գյուղի համար ճակատագրական դառնալ։
Մարաղան հիմնադրվել է հնագույն հայկական բնակավայրի տեղում, իսկ 19-րդ դարակեսին այստեղ են տեղափոխվել հայազգի վերաբնակիչներ Պարսկաստանից։ 1989 թվականի մարդահամարի համաձայն՝ Մարաղայում ապրում էր մոտ 6 ու կես հազար մարդ, այդ թվում՝ ջարդերից փրկված և բռնի տեղահանված մի քանի հայ ընտանիք Սումգայիթից, Բաքվից և Խորհրդային Ադրբեջանի այլ բնակավայրերից։
Այս ճանապարհով նրանք հաճախակի երթևեկում էին անցյալ կյանքում։ Հասնում էին ճամփաբաժանին ու թեքվում աջ՝ դեպի տուն, դեպի Մարաղա։ Այժմ նրանք չեն կարող աջ թեքվել, քանի որ իրենց հարազատ գյուղը զավթված է և գտնվում է անցյալի ու ներկայի միջև սահմանից այն կողմ։ Եվ նրանք կարող են նայել Մարաղային միայն հեռվից։
1992 թվականի գարունը՝ շրջափակված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ամենաեռուն ժամանակն էր։ ԽՍՀՄ փլուզման հետ Ադրբեջանական Հանրապետության նորաստեղծ բանակի, ադրբեջանական հրոսակախմբերի, Ազգային ճակատի և Միլիցիայի Հատուկ Նշանակության Ջոկատի (ՕՄՕՆ-ի) ձեռքն է ընկնում Խորհրդային Բանակի տեղական զորամասերի ռազմական ներուժի և գույքի մեծ մասը։ Միաժամանակ շարունակվում է ղարաբաղյան հայերի, անգամ ոստիկանների հետևողական զինաթափումը։
Արցախն իսկական հումանիտար աղետ էր ապրում։ Շրջափակում, էլեկտրականության, գազի, ջրի բացակայություն։ Պարենի խիստ պակաս, համաճարակներ և հիվանդություններ։ Հրետանային գնդակոծություն, հարյուրավոր զոհեր։ Չարաբաստիկ «Կոլցո» գործողության արդյունքում դատարկված հայկական գյուղերից տասնյակ հազարավոր փախստականներ, հարյուրավոր գերիներ ու անհայտ կորածներ։ Արտաքին աշխարհի հետ կապի բացակայություն, պատերազմ. սա է 1991-1992 թվականների Ղարաբաղը։ Սակայն Մարաղայի և ղարաբաղյան մյուս գյուղերի խաղաղ բնակիչների համար պատերազմը սկսվել էր շատ ավելի շուտ՝ 1988 թվականին, «սումագայիթից» հետո։
Ադրբեջանական գյուղերին մոտ գտնվող Ղարաբաղի բոլոր գյուղերը ենթարկվում էին կանոնավոր ավազակային հարձակումների։ Խաղաղ բնակիչների անպատիժ սպանություններ ու առևանգումներ, պատանդառություն, խոշտանգումներ ու ծաղրանք, անասունի հափշտակում, գույքի գողություն, հրկիզումներ և ջարդ… Պաշտոնական Բաքվի պետական ահաբեկչության քաղաքականություն, պաշտոնական Կրեմլի և անձամբ Միխայիլ Գորբաչովի կողմից հանցագործների անթաքույց խրախուսում… Միջազգային հանրության լռություն… Բայց ոչինչ չէր կարող Լեռնային Ղարաբաղի հայրերին ստիպել լքել հարազատ օջախները։ Նրանք շարունակում էին ապրել ու աշխատել, և ի վերջո զենք վերցրեցին, որպեսզի պաշտպանեն հարազատ հողում ապրել-արարելու իրենց իրավունքը։ 1994 թվականի ամռանը Ադրբեջանական Հանրապետության պետքարտուղար Լալա Շովկեթ Գաջիևան ստիպված էր հայտարարել. «Ավելի քան հարյուր օր մենք զօր-գիշեր տարբեր կետերից ռմբակոծում էինք Ստեփանակերտը, բայց հայերը չլքեցին իրենց տները»։
1992 թվականի փետրվարի լույս 26-ի գիշերը Մարաղայի վրա իրականացվեց մի հարձակում, որը նախորդներից տարբերվում էր առանձնահատուկ կազմակերպվածությամբ և թափով։
Մարաղացիների վկայությունները կասկած իսկ չեն թողնում. ապրիլի 10-ին իրականացված հանցագործությունը, նախագծվում էր փետրվարի 26-ի համար։
1992 թվականի փետրվարի լույս 26-ի գիշերը Աղդամի մոտ Ադրբեջանն իրականացրեց մեկ այլ հանցագործություն՝ այս անգամ իրենց իսկ հայրենակիցների դեմ, ովքեր լքել էին Խոջալուն հայերի կողմից թողնված մարդասիրական միջանցքով։ Այս երկու հանցագործությունների միջև ուղիղ կապ կա։
Խոջալուում էր գտնվում ադրբեջանական բանակի ամենախոշոր ռազմակայաններից և կրակակետերից մեկը, ինչպես նաև Ղարաբաղի միակ օդանավակայանը։ Արյունաքամվող Արցախի համար կրակակետի ճնշումն ու օդային շրջափակման ճեղքումը կենսական անհրաժեշտություն էր։ Ադրբեջանական կողմը քաջատեղյակ էր ինչպես ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կողմից նախապատրաստվող գործողության, այնպես էլ ռազմական գործողությունների գոտում մնացած խաղաղ բնակիչների ելքի համար մարդասիրական միջանցքի առկայության մասին։ Խոջալուն լքած բնակիչները Աղդամի մոտ ցինիկաբար գնդակահարվել են իրենց իսկ հայրենակիցների կողմից։
Ադրբեջանի քաղաքական ուժերը կրկնակի հանցագործություն գործեցին մեկ ռազմավարական նպատակով. վարկաբեկել հայության՝ որպես համաշխարհային քաղաքակրթության կրողներից մեկի դարերով ձևովորված կերպարն ու համբավը և հայատյացություն տարածել ոչ միայն սեփական երկրում և տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։
Փետրվարի 26-ին իրենց ուզածին չհասնելով՝ ադրբեջանական իշխանությունները սկսեցին ուժգին պատրաստվել կրկնական հարձակման։ Մարաղան պաշտպանում էր գյուղի բնակիչներից բաղկացած ազատամարտիկների փոքրաքանակ մի ջոկատ։ Ժամանակակից Գողգոթան բռնկվեց 1992 թվականի ապրիլի 10-ի վաղ առավոտյան։
Մարաղան դատապարտված էր։ Մարաղան դատապարտված էր մահվան երկու գործոնի պատճառով՝ ռազմատենչ հայատյացության ու նավթային շահի։ Հենց այս գործոններն էին խաղում հիմնական դերը ադրբեջանական պետության կայացման ու զարգացման գործում՝ 1918 թվականին նրա գոյանալու պահից ի վեր։ 1992 թվականի ապրիլին Մարաղայի հայ բնակչությունը զոհաբերվեց վառելիքաէներգետիկ գլոբալ շահերին, մի միայն այն պատճառով, որ գտնվում էր նավթատար շրջանի տարածքում, որտեղ արժեքավոր ածխաջրածնային հումք էր արդյունահանվում, այսպես կոչված՝ սպիտակ նավթ։
Այս մասին է իր հոդվածում գրում 1992-1995 թվականներին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի նախագահության անդամ Վալերի Ղազարյանը. «Խնդիրն ու բախումը դադարել են տեղային լինել, երբ չէր կարելի թույլ տալ, որպեսզի հայերը նաթատար Միր Բաշիրի նկատմամբ վերահսկողություն ստանան» («Անիվ» ամսագիր, թիվ 2, 2010թ.)։
Մարաղայում ադրբեջանցի վայ-մարտիկների արյունալի շվայտությունը շարունակվում էր մի քանի ժամ։ Կեսգիշերին մոտ գյուղն ազատագրվեց։ Մարաղա մտած գյուղի պաշտպանները և հրաշքով փրկված բնակիչները երկրի երեսին ժայթքած դժողք տեսան… Հաջորդ օրը զոհվածների մարմինները հողին հանձնվեցին։
Մարդկության պատմության մեջ Մարաղայի խաչելության նման քիչ ողբերգություններ կգտնվեն։ Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունից հետո կուտակված չարությունն ու ատելությունը, հայրենի հողը լքել չցանկացող հայերի հերոսական դիմադրությունը, հայերի վերջն արագ տալու և նրանց տարածքները զավթելու ձգտումը դուրս ժայթքեցին Մարաղայում աներևակայելի խոշտանգումների, սպանությունների, մարդկային և ազգային արժանապատվության նվաստացումների խրախճանքով։ Խնայելով դիտողին՝ անգամ այսօր՝ 18 տարի անց, մենք չենք ներկայացնի անպաշտպան ծերերի, կանանց ու երեխաների նկատմամբ տմարդների կողմից իրականացված առավել դաժան հաշվեհարդարի դեպքերը։ Բայց անգամ նրանք, որոնց մասին պատմում են ականատեսները, ցնցում են նորմալ մարդու գիտակցությունն ու երևակայությունը։
Ամուսիններ Սվետա և Ռազմիկ Մովսիսյաններ։ Նրանք գերի են ընկել միրբաշիրի բանտապետի տեղակալի մոտ, որը նրանց կապի վրա էր պահում, ինչպես շների և ստիպում էր տեղաշարժվել միայն չորեքթաթ։ Ամուսիններին սովատանջ էին անում։ Հետո Սվետային սպանել են, և մարդկային կերպարանքը կորցրած դահիճները փորձում էին նրա մսով կերակրել ամուսնուն…
Պողոսյանների ընտանիքին անմարդկային տառապանք է բաժին ընկել։ Զարինե և Կարինե քույրերը մանկահասակ երեխաների հետ միասին գերեվարվել են։ Կարինեի և Զարինեի ամուսինները մինչ օրս անհայտ կորած են համարվում։
Ալվինա Բաղդասարյան, ուսուցչուհի: Նրան կապել են աթոռին և ենթարկել անմարդկային խշտանգումների և նսեմացումների, հետո` ողջակիզել:
1992 թվականի ապրիլի 10-ի Մարաղան դա այն ընտանիքների պատմություններն են, որոնք կամ ամբողջությամբ ոչնչացվել են կամ պատանդ վերցվել։ Մանյա Աղաջանյանը երեք որդիների հետ գերեվարվել է. վերադարձել է միայն որդիներից մեկը։ Նա պատմել է իր եղբայր Գագիկի մարտիրոսական մահվան մասին։
Ուլյանա և Լիանա Բարսեղյաններ, 6 և 8 տարեկան։ Նրանց բաժանել են ծնողներից և պատանդ պահել եր ավելի քան 2 տարի։
Աղաջանյանների ընտանիքի բոլոր անդամները պատանդ են վերցվել և գազանաբար սպանվել։
1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրագործվել է ցեղասպանության գործողություն։ Մարդկանց սպանում էնի մի միայն հայ ազգի պատկանելիության պատճառով։ Նրանց, ում չէին սպանում, պատանդ էին վերցնում, շատերին ընտանիքներով հանդերձ՝ դեռահաս երեխաների հետ միասին։ Երեխաներին բաժանում էին ծնողներից և պահում տարբեր տեղերում։ Ժամանակակից Գողգոթայի այն ողբերգական օրը Մարաղայում մնացած 118 բնակիչներից ոչ ամբողջական տվյալներով սպանվել է մոտ 50-ը, 60 ավելին գերեվարվել են։ Նրանց սպասում էին խոշտանգումներ ու նվաստացումներ, հարազատների և իրենց իսկ ճակատագրերի անհայտության դժողքը։ Նրանք, ում հետագայում հաջողվել է վերադարձնել գերությունից, մեծամասամբ գտնվում էին անմեղսագիտակ վիճակում և ապրել են հազիվ մեկ-երկու տարի։
Ականատեսների վկայություններով ադրբեջանական ջոկատներում յուրաքանչյուր տասներորդը զինված էր ոչ միայն հրազենով, այլև յաթաղանով՝ 20-րդ դարասկզբին հայերի ցեղասպանության թուրք դահիճների հիմնական զենքով։
Մարաղան ապացուցեց, որ Բաքուն ամեն կերպ ձգտում է ուռճացնել հայ-ադրբեջանական հակադրության կրոնական աստառի մասին առասպելը։ Բառի ճշմարիտ իմաստով հավատքի կարողություն չունենալով՝ ադրբեջանական իշխանությունները փորձում էին արյունալի սպանդին կրոնական հակադրության բնույթ տալ։ Կենդանի և սպանված հայերի մարմիններին խաչեր էին կտրում ու խանձում, որպեսզի ցույց տան, որ հենց իրենք ադրբեջանցիներն են գտնվում գյաուրների դեմ պայքարի առջևի ճակատում։ Իրականում այս ամենի ետևում կանգնած է իրենց հանցագործությունների շուրջ իսլամական աշխարհը համերաշխեցնելու ձգտումը։ Սումգայիթում հնչած «մահ հայերին» կոչը ադրբեջանական իշխանություններն աշխատում են տարածել իսլամական աշխարհի վրա և կանխավ ապահովելով նրա աջակցությունը, անպատիժ շարունակել հայերի ցեղասպանութան թուրքական քաղաքականությունը։
Մարաղան մարդկության դեմ Ադրբեջանի հերթական հանցագործությունն է, որը մնացել է անհայտ, չդատապարտված և անպատիժ։ Բարոնուհի Քերոլայն Քոքսի և «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության բոլոր ջանքերը միջազգային հանրության և մամուլի ուշադրությունը գրավել դեպի Մարաղայի ցեղասպանությունը՝ բախվեցին նավթային շահեր կրողների լկտի համերաշխությանը։ Նման դիրքորոշումը և՛ այն ժամանակ, և՛ այժմ խրախուսում է Ադրբեջանին ռազմատենչ հայատյացության քաղաքականության շարունակման։
Համացանցի հայտնի կայքերից մեկում ադրբեջանցինեը տեղադրել են մի տեսահոլովակ, որը ցուցադրում է դահիճների վայրագ շվայտությունը 1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղայում։ Իսկ ծերերի, կանանց ու երեխաների նկատմամբ ցեղասպանության գործողություն իրականացրած չարագործները պարգևատրվել են Ադրբեջանական Հանրապետության պետական պարգևներով։ Դահիճների բարձրացումն ազգային հերոների աստիճանի դարձել է ժամանակակից Ադրբեջանի ավանդույթներից մեկը, որտեղ հայի սպանությունը գիշերվա քողի տակ սխրանք է համարվում, իսկ հայ ժողովրդի մշակութային ժառանգության ոչնչացումը պետական քաղաքականություն է։
Նոր Մարաղան նույնպիսի արցախյան գյուղ է, ինչպես տասնյակ ուրիշները։ Հենց այստեղ շատ նախկին մարաղացիներ, զրկվելով փոքր հայրենիքից, նոր կյանք սկսեցին։ Նրանցից շատերն արդեն 18 տարի տեղեկություններ չունեն գերեվարված հարազատների ու համագյուղացիների մասին։ Այն օրվա մասին հիշողությունները, երբ Մարաղան ատելությամբ խաչվեց Գողգթայի վրա, հավերժացվել են այս համեստ հուշարձանով։ Այստեղ ծաղիկներ են դնում ի հիշատակ 1992 թվականի ապրիլի 10-ի զոհերի, ում շիրիմները մնացել են այնտեղ՝ հին Մարաղայում։ Այս ֆիլմը հիշատակի տուրք է Մարաղայի տասնյակ խաղաղ բնակիչներին՝ տանջահարված և մորթված, որ հավերժ մնացել են գերության մեջ։
Այնպիսի հանցագործություններն, ինչպիսին Մարաղայի խաչելությունն է, չունեն վաղեմության ժամկետ։ Այս ֆիլմը կոչ է միջազգային հանրությանը, հիշեցում, որ մարդկության դեմ հանցագործությունների անպատժելիությունը բերում է դրանց կրկնության։ Լեռնային Ղարաբաղի հայերը արյամբ են նվաճել իրենց ազատությունը և հազարավոր կյանքերով են վճարել սեփական անկախ պետությունը կառուցելու իրավունքի դիմաց։ Մարաղան ամենահամոզիչ ապացույցն է, որ Ադրբեջանի համար միակ արժեքը նավթն է, իսկ միակ կրոնը՝ հայատյացությունը։ Այս մասին պետք է հիշեն և քաղաքական գործիչները, որոնք պնդում են Ադրբեջանին չպատկանող Արցախի տարածքները Ադրբեջանին բռնակցելու դրույթը, և նավթային ընկերությունները, որոնք աչք են փակում Ադրբեջանի հանցագործությունների վրա հանուն շահույթի ցանկացած գնով։
Մարաղան դեռևս սպասում է իր իրավական և քաղաքական գնահատականին։
Մարաղայի «Նյուրնբերգը» դեռ առջևում է։
Մակագրեր
01.38
Արամ Ավագյան
– Նավթի աշտարակ էր կանգնեցված։ Ետևում պուրակ էր, որտեղ հաուբից տեսակի երկու հրանոթ էր դրված։ Մենք գնացել տեսել ենք հետախուզման ժամանակ։ Դրանք սարքին հրանոթներ էին, և դրանցով էլ աշխատարակը պաշտպանում էին հնարավոր վտանգից։
– Որտե՞ղ էր այդ աշտարակը։
– Հենց մեր սահմանից է սկսվում Միր Բաշիրը՝ մի մեքենայի ճանապարհ է բաժանում սահմանը։ Հենց ճանապարհը վերջանում է, անմիջապես աշտարակն է կանգնած։
03.03
Վ.Գրիգորյան
Հայրենիքը հայրենիք է մնում։ Այս ամբողջն իմ ձեռքի աշխատնքն է։ Բայց եթե ասեն, որ տարածքն ազատագրվել է, և հնարավորություն կա վերադառնալու, ես իսկույն կվերադառնամ։ Որովհետև նախ և առաջ մեր պապերի գերեզմաններն այնտեղ են։ Եվ չէ՞ որ ես 40 տարի անտեղ եմ ապրել, ու ամեն գիշեր երազիս ես կրկին այնտեղ եմ։ Եթե տարածքն ազատագրեն, հենց հաջորդ օրը կվերադառնամ և նորից զրոյից կսկսեմ, որքան էլ դժվար լինի, միևնույն է, դա իմ հողն է։
03.44
Ռ. Կարապետյան. Ա. Ավագյան
– Աջ կողմի ճանապարհը մեր նախկին Մարաղա գյուղի ճանապարհն է։ Երկար տարիներ մենք այդ ճանապարհով գնացել ենք մեր գյուղ։
– Որքան կուզեի նորից գյուղ գնալ։
– Ծննդավայր է։ 40 տարի ապրել եմ այդ գյուղում, ծնվել-մեծացել։ Ով հեռու է, նրա համար հեշտ է մոռանալ, բայց ես ինչպե՞ս մոռանամ, երբ ամեն օր տեսնում եմ։
– Նայում եմ ու մոտավորապես պատկերացնում, թե մեր տունը որ կողմում է։ Կարոտում եմ, ուրիշ ոչինչ։ Կուզեի լինել հիմա մեր տանը, մեր գյուղում։
05.48
Կարինե Պողոսյան
«Սումգայիթից» հետո անընդհատ միջադեպեր էին տեղի ունենում։ Նրանք դաշտերից անասուն էին գողանում կամ մեր վարորդներին կանգնեցնում ու մեքենաները խլում էին։ Անընդհատ լարված էինք։
Առաջին ռմբակոծությունը 1992թ. հունվարին էր, ինչից հետո բոլորն իջան նկուղներում ապրելու, ռմբակոծությունից թաքնվելու համար։ Ավազի պարկերով բարիկադներ էին կառուցել, որ փամփուշտները չկպնեն, և գետնափոր ապաստարաններ էին սարքել։ Մեկ լսում էիր, որ հարձակվեցին ֆերմայի վրա, հաջորդ անգամ՝ խաղող մշակողների, անընդհատ միջադեպեր էին լինում։ Առաջին զոհը 1991թ. աշնանն էր, աշնանացանի ժամանակ տրակտորիստին իր իսկ տրակտորի ղեկին կրակել-սպանել են։
08.18
Ռոմա Կարապետյան
Փետրվարի 25-ին ռմբակոծում սկսվեց՝ Խոջալուի հետ կապված։ Ես պաշտպանական ջոկատի շտաբում նստած էի։ Ժամացույցին էի նայում. 1 րոպեում 4-6 ռումբ էր կպնում գյուղին, և այդպես մինչև առավոտ։ Փետրվարի 26-ի լուսադեմին հարձակվում են գյուղի վրա։ Այդ օրը մենք փառքով-պատվով հակահարված ենք տալիս. 3 տասնյակից ավելի զոհ են տալիս ու ճողոպրում։
10.58
Արայիկ Գրիգորյան
Լույսը դեռ չբացված գյուղը սկսեցին ռմբակոծել տարբեր հրթիռներով։ Սկզբում ալազան տեսակի հրթիռներով, որոնք խորհրդային տարիներին օգտագործվում էին կարկուտի դեմ, հետո հրանոթներով ու տանկերով։ Ժողովուրդը սկսեց խուճապահար փախչել գյուղից դեպի վերևի գյուղեր՝ խառնված, երեխաները գրկներին, տարբեր տեսակի տրանսպորտով ու տեխնիկաներով։ Մինչև վերևի գյուղը՝ մոտավորապես 3-4կմ վրա, ասեղ գցելու տեղ չկար. ժողովուրդը ոտքով էր գնում, որովհետև տեխնիկան օգտագործողները ֆիդայիներ էին՝ տղամարդիկ, ովքեր առաջին գծին կանգնած գյուղն էին պաշտպանում։ Իսկ մնացածը՝ կանանց ու երեխաներին վերցրած, գյուղից դուրս էին գալիս, որպեսզի փրկվեն ռմբակոծությունից։
11.50
Էլմիրա Սահակյան
Ապրիլի 10-ին տանն էինք։ Պարկերն ավազ էինք լցրել ու առաջին հարկերը փակել։ Թաղամասում որքան կին կար՝ տարեց, թե երիտասարդ, բոլորը մեր բակում էին։ Ապրիլի 10-ին առավոտյան 05.00-ին թուրքերը ռմբակոծում էին Մարաղան։
Ամուսինս ու որդիներս գնացել էին գյուղը պաշպանելու։ Գերազմանոցում մարտի ժամանակ ամուսնուս ձախ այտից գնդակը մտել է, աջից դուրս եկել, բայց նա կապկպել է վերքը ու շարունակել մարտնչել։ Այդտեղ էլ նա զոհվեց։ Մարդիկ կային, ովքեր մնացել են խրամատներում, չեն կարողացել փախչել։ Ով իմացել է փախել է, ով չի իմացել մնացել է այդտեղ։ Եկել ու գերի են տարել՝ երեխաների ու կանանց։ Որոշ երեխաների ծեծել են, սպանել, ողջակիզել, որոշների՝ գերի վերցրել։ Երիտասարդ կանանց ու աղջիկներին ինչ ասես չեն արել գերության մեջ. փոխանակված գերի կանանց մարմինները խանձված էին ու վերքերով։
Ղարաբաղի և ոչ մի գյուղ Մարաղայի նման չի տուժել։ Ոչ մի տեղ կանանց ու երեխաներին այնպես չեն տանջել ու սպանել, ինչպես Մարաղայում։ Ոչ ոք չի վերապրել այն, ինչ մարաղեցիների գլխին բերեցին։ Տները հրկիզել են, փոքր երեխաներից գերեվարել, ծերերին ողջակիզել. մի մարդու վիզը կտրել են ու գլուխը կախել գյուղի հրապարակում։
Բա դրանց հետ ինչպե՞ս հաշտվես, դրանց հետ չի լինի հաշտվել, ով ինչ ուզում է ասի, դրանք այնպիսի արնախում են, դրանց հետ հնարավոր չէ հաշտվել։ Ես ծնող եմ, ամուսնուս ու որդուս եմ կորցրել, մարաղեցիներից շատերն են ընտանիքի երիտասարդ անդամներին կորցրել՝ զոհված կամ անհայտ կորած, և ոչ ոք դրանց հետ չի հաշտվի։
14.25
Ծովինար Գրիգորյան
Ապրիլի 10-ին ես գյուղում էի։ Ամուսինս սահմանին հերթապահության էր։ Առավոտյան 10.00-ին եկավ, ասեց, որ պատրաստվենք ու դուրս գանք, որովհետև նրանք էլ չեն կարողանում պաշտպանել գյուղն ու նահանջում են, իսկ թուրքերը մտնելու են գյուղ։ Ես, սկեսրայրս ու տալս երեխաների հետ միասին ոտքով շարժվեցինք դեպի Մաղավուս գյուղ։
15.02
Վ. Գրիգորյան
Ժամը 12.00-ին մոտ դրանք սկսեցին արդեն առաջին գծից մոտենալ։ Սկզբից մտել են տանկերը, հետո՝ ավազակախմբերը։ Մտել են տարբեր կողմերից։ Առաջին հերթին սկսել են տներն այրել։ Ինչքան մարդ ճանապարհին հանդիպել է՝ խաղաղ բնակիչ, թե ֆիդայի, ով զենք էր վերցրել դրանցից պաշտպանվելու համար, բոլորը սպանվել կամ գերեվարվել են։ Հրետակոծության ժամանակ շատ մարդիկ իրենց տնամերձ հողատարածքներում ծածկերով խրամատներ էին փորել և թաքնվում էին այնտեղ։ Չեմ կարող հստակ թիվ ասել, բայց այդ թաքստոցներում որքան մարդ է եղել՝ տղամարդ, կին, թե երեխա, բոլորին հավաքել ու տարել են։
16.09
Ռ. Կարապետյան
Գյուղում մնացած խաղաղ բնակիչները տարեցներ, կանայք ու երեխաներ էին կամ ընտանիքներ։ Բնականաբար զինվորներ չէին մնացել։ Եթե մայրն ու հայրը մնացել են, ապա երկու-երեք-չորս երեխաներն էլ են մնացել։ Եթե հայրն ու մայրը սպանված են, երեխան էլ է սպանված։ Օրինակ մի դեպք կար, երբ մանկահասակ երեխայի դիակը դրված էր սպանված մոր կրծքին։
17.02
Ռ. Կարապետյան
Մենք ստիպված էինք նահանջել։ 1-ին ու 2-րդ պահակակետերի ուղղությամբ կռվող տղաները նահանջում են, բայց հաջորդ կետերում դիրքերը պահում են։ Ինչևէ, նահանջում ենք մինչև Մարգուշավան գյուղ։ Այդ ընթացքում նրանք արդեն գյուղում էին, ու մենք մեր աչքի առջև տեսնում ենք, թե ինչպես է այրվում գյուղը։ Մարդկանց աղմուկ էր լսվում. բնականաբար, ով չէր հասցրել փախչել ընկել էր նրանց ձեռքը։ Մինչ այդ ես օգնություն էի կանչել, քանի որ 16 միավոր զրահատեխնիկա էր գալիս, իսկ մենք հակատանկային միջոց չունեինք։ Ավտոմատ-գնդացրորդները չէին կարող տանկի առջև կանգնել։ Նույն օրը ևս 3 հարձակում էր եղել, բայց առանց տանկերի, և մենք դրանք հեշտությամբ ետ ենք մղել։ Պատկերացրեք, որ հակառակորդի տեխնիկան 1 ժամից հեռացավ։ Հետագայում պարզվեց, որ Խորհրդային 4-րդ Բանակի Կիրովաբադի գնդում տեղակայված տանկերն էին։ Հաստատ խորհրդային ծախված գեներալի գործ էր, թե չէ այն ժամանակ ո՛չ Հայաստանն է տանկ ունեցել, ո՛չ էլ Ադրբեջանը։
20.23
Վ. Գաբրիելյան
Առավոտյան ժամը 11.00-ին սկսեցինք հավաքել դիակները։ Մեկի վիզն էր կտրած, մյուսն այրված էր, ու դիակից էլ երևում էր, որ ողջակիզված էր։ Մարդկանց լցրել են ակումբի շենք ու հրդել այն։ Ինչեր ասես չեն արել։ Մի հասակակից ընկեր ունեի, սղոցով էին գլուխը կտրել. թաքնված ականատեսներ են եղել, որ ասում են, թե նրա գլուխը կտրելիս գոռում էին՝ «դու ջրի պետն ես եղել ու մեզ ջուր չես տվել»։ Հիտլերը լավ էր, սրանք Հիտլերից էլ ահավոր են։
21.09
Ռ. Կարապետյան
Մտել ենք ու տեսել՝ գյուղն ամբողջությամբ ավերված, հրդեհված, թալանված, ժողովուրդը կոտորված, դիակները թափված, գլխատված՝ մարմինը մի տեղ, գլուխը մեկ այլ, ողջակիզված, տանկի տակ գցած։ Մոր ու որդու էին սպանել. սկզբում մոր վիզն են կտրել, տղան փորձել է փախչել դեպի ակումբ, բայց նրան այնտեղ բռնել ու սպանել են։ Շատ ընտանիքներ են այդպես կործանվել։ Տարեցներին էլ չեն խնայել, մեկին տանկի տակ էին գցել. նա ձեռնափայտով, տկար ու կիսակույր էր։
21.49
Ա. Գրիգորյան
Դրանք մտել են գյուղ, ու չնայած տանը մարդ չի եղել, բայց տունը հայի տուն էր, զուտ այդ անվան պատճառով, որ այս հողը հայ է, տունը հայի է, անգամ տան հետ այնպիսի դաժանությամբ են վերաբերվել, որ պատկերացում անգամ կազմել հնարավոր չէ։ Եթե կենդանուն հայ է պահել, եթե այս շունը հայի է, նրան այնպիսի դաժանությամբ են վերաբերվել, որ աներևակայելի է։ Մեր թաղամասից մի տարեց մարդու՝ անունը Մուշեղ էր, կապել են տանկի ետևից ու մոտ 2-3կմ քարշ են տվել։ Քրիստոնեա ենք, հայ ենք՝ վերջ, ուրեմն պետք է կործանեն, պետք է ավերեն։
22.34
Վ. Գրիգորյան
Երբ լուսացավ, դուրս եկանք տեսնենք՝ ինչ վիճակ է։ Սկսեցինք շրջել ու տեսանք, որ ահագին տներ են վառել, ահագին դիակներ կան թափված ճանապարհին ու տներում։ Մի հիվանդ կին կար, ում տղան պաշտպանության ջոկատում էր, ու քանի որ մենք նահանջել էինք, նա հնարավորություն չուներ գալ մոր ետևից՝ նրան գյուղից դուրս բերելու։ Այդ կնոջը հենց տան մեջ էլ սպանել էին։ Ով մորթված էր, ով սպանված։ Մի խոսքով, սկսեցինք հավաքել դիակները։ Մեքենաներ բերեցին, դագաղներ։ Մարաղայի ու Մարգուշավանի տարածքներում տրակտորով փոսեր փորեցին և բոլոր դիակները հողին հանձնեցին։
23.22
Է. Սահակյան
Երբ գալիս հասնում ենք Մարաղա, տեսնում ենք ինչ՝ արյունը գետի պես հոսում է։ Ի՞նչ Մարաղա։ Մարաղայի հետքն անգամ չկար. տներն այրած, թալանած, ոչինչ չկար, մարդիկ էլ կոտորված։ Ո՞ր մեկն ասեմ։
Այնքան երիտասարդներին կոտորել են, իսկ մենք մեր հողերը պետք է նրա՞նց տանք։ Հանուն ինչի՞։ Ինչու՞ պետք է ես նրանց ինչ-որ բան տամ։ Չե՛մ տա, ինչ էլ լինի։ Թեկուզև գան ու այս պահին ինձ գնդակահարեն։ Մեր հողերը չե՛նք տալու։ Պատերա՞զմ են սկսում, ես էլ մի ավտոմատ կվերցնեմ կգնամ կռվելու։ Բայց հողը չենք տալու։ Իրենց քոսոտ Խոջալուն մի մեծ պրոբլեմ են սարքել, բայց իրենք են հայերին կոտորել Սումգայիթում, Բաքվում, իսկ ի՞նչ է՝ նրանք մարդիկ չէի՞ն։ Վերջում էլ եկան մարաղեցիներին կոտորեցին, ամբողջ Ղարաբաղն էլ ոտատակ տվեցին ու գնացին։
24.06
Քերոլայն Քոքս
Ես այն դաժան օրվա շատ լուսանկարներ ունեմ։ Դրանցում պատկերված են գլխատված, անդամատված, հրկիզված դիակներ։ Կա մի սահմռկեցուցիչ լուսանկար, որում մի տերեց տղամարդ է պատկերված՝ ձեռքում հարևանի ականջը։ Երբե՛ք չեմ մոռանա այդ հրեշավոր օրը։ Ադրբեջանցիները սկզբում հրետակոծեցին գյուղը, այնուհետև մտան տանկերն ու զինվորները։ Երբ մենք այնտեղ էինք, մենք տեսել ենք բնակիչների կտրված գլուխներ։ Ես այդ ամենը սեփական աչքերով եմ տեսել՝ մարդանց մասնատված մարմիններ՝ թափված գետնին։ Նրանք նույնիս ողջակիզել են մարդկանց. ես տեսել եմ այրված մի ծեր կնոջ մասունքներ։ Այնուհետև նրանք զբաղվել են դիակապտությամբ, կողոպտել են տներն ու հրդեհել։ Տանջանքի ու դաժանության վայր էր. ասես Գողգոթան էր, ուր խաչվել է մեր Տերը։
28.00
Սվետա Պողոսյան
1992թ. ապրիլի 10-ին դստերս երեխաների ու սկեսուրի հետ տանում են։ Ապրիլի 17-ին ամուսինս գնում է փոխանակման։ Ետդարձի ճանապարհին նրանք ականի վրա պայթում են, բոլորը վիրվորվում են՝ ամուսինս, դուստրս ու երեխաները։ Բերում ենք Մարտակերտի հիվանդանոց։ Դուստրս ծանր վիրահատություն է տանում, ձախ ոտքի թաթը կտրում են։ Բայց որովայնի մասում ծանր վնասվածքի պատճառով մեկ օր անց նա մահացավ։ Վիրահատությունից առաջ ինձ հարցրեց՝ «Մայրիկ, այն ի՞նչ պայթյուն էր», պատախանեցի, որ ական էր, ասեց՝ «Հայրիկը եկել էր մեզ բերելու, իսկ երեխաներս ու՞ր են», պատասխանեցի, որ երեխաները կենդանի են, լավ են։ Երեխաներից մեկի մեջքն էր վնասվել՝ նա 2 տարեկան էր, մյուսի ոտքն էր կոտրվել՝ նա 4 տարեկան էր։ Վիրահատության ընթացքում դուստրս խնդրում է երեխաներին իր մոտ տանել. տարանք, տեսավ։ Նրան շատ էին տանջել, երեխաները մինչ օրս էլ չգիտեն, չեմ պատմում, միայն ես գիտեմ, ամբողջ կուրծքը ծխախոտով այրած էր, վզի վրա դանակի երկու վերք կար, ականջների բլթակները կտրված էին։ Ոչ ոք ինձնից բացի չգիտի, հարցրեցի, թե ուր են ականջօղերը, պատասխանեց, որ խլել են ու բլթակները պատռել։
29.44
Կարինե Պողոսյան
Այն ժամանակ որդիս 3 տարեկան էր, դուստրս՝ 1 տարեկան 4 ամսական։ Ձեռքիցս խլեցին։ Երբ երեխաներին խլում էին, ես խելագարի պես գոռում էին ու հիմա մանրամասն չեմ հիշում։ Երբ մեզ հանում էին գյուղից՝ ոտքով, փողոցով, քաշքշելով էին տանում։ Հիշում եմ, որ տեսել եմ ու, քանի որ մեր գյուղի ժողովուրդն էր, ճանաչում էի՝ խոշտանգված դիակներ, մորթված։ Մի քանի մահացածների տեսել եմ։ Որդուս փոխանակեցինք, իսկ դստերս չէինք գտնում։ Իմ փոխանակումից հետո դստերս նկարն ու տվյալները տվեցինք, և նրանք հայտնեցին, որ երեխան մանկատանն է։ Հետո երկար ու դժվար՝ 1 տարի 7 ամսվա ընթացքում, տարբեր ձևերով ապացուցում էինք, որ իրոք այդ երեխան է։ 1993թ. հոկտեմբերի 21-ին փոխանակեցինք։ Նա արդեն 3 տարեկան էր։ Երեխան ինձ չմոտեցավ, բնականաբար չէր ճանաչում։ Մանկատան դայակի ձեռքը բռնել բաց չէր թողնում։ Դայակն էլ ինձ մեղադրում էր, իբր թողել եմ երեխային, երևի կարծում էր՝ ես եմ մանկատուն հանձնել։ Այդ պահին ոչինչ չէի զգում, մտածում էին միայն, որ հաշված րոպեներ են մնացել, որ վերցնեմ երեխային ու հեռանամ, ու ոչինչ չէի պատասխանում։ Իսկ երեխան չէր ուզում ինձ մոտենալ, կպած էր նրան, նույնիսկ լացեց նրա ետևից։ Հետագայում արդեն քիչ-քիչ հարմարվեց։ Վախեցած էր. հենց զինվոր կամ մեքենա էր տեսնում՝ գոռում էր։
32.30
Արամ Ավակյան
Երեք եղբայրների իրենց մոր հետ պատանդ են վերցրել։ Եղբայրներից մեկին փոխանակել ենք, բայց մնացածների տեղը մինչ օրս էլ չգիտենք։ Նա պատմել է իր եղբոր մահվան մասին, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին։ Ինչպե՞ս են կենդանուն վերաբերվում, նույն ձևով էլ նրան են վերաբերվել։ Նրանց տարել են Միր Բաշիր, այնտեղից Բարդա, որտեղ և մենք փոխանակել ենք եղբայրներից մեկին՝ նրա փոխարեն մեկ այլ պատանդ տալով։ Նա պատմում էր, որ Բարդայում իրենց առանձնացրել են։ Ասում է՝ եղբայրը խոսքի տակ մնացող չէր, և երբ ադրբեջանցիները նրան վիրավորել են, նա կրկնակի պատասխանել է։ Այդտեղ էլ նրան դաժանաբար սպանել են. կապել են երկաթգծին, և նրա վրայով գնացք է անցել։
34.49
Կարինե Պողոսյան
Մեր գյուղից շատ մարդ կար մեզ հետ գերեվարված։ Միայն մեր բլինդաժից չէին, այլև գյուղի տարբեր անկյուններից։ Բայց ես տեսել եմ, թե ինչպես էին սկեսրայրիս և մեր հարևան մի ծեր կնոջ քաշքշելով տանում։ Մեզ միասին տարան մինչև գյուղամեջ. վերջին անգամ նրանց այնտեղ եմ տեսել։ Հետո կրակոց լսվեց, ես շրջվեցի, բայց նրանց չտեսա. սպանել են, թե ոչ՝ չգիտեմ։ Հիշում եմ, մի տուն էր, որի նկուղային հարկի լուսամուտը գետնի մակարդակին էր։ Նրանց հրել-գցել էին փշերի ու մոլախոտերի մեջ ու ասում էին՝ «Ձեզ կրակելու ենք։ Այս տանը ձեր տղաներն են թաքնված։ Գոռացեք, թող դուրս գան»։ Նրանք էլ ոչինչ չէին ասում։ Հետո ինձ քաշելով տարան, ու կրակոց եղավ։ Շրջվեցի. նրանք գետնին ընկած էին։ Բայց հետագայում, երբ մերոնք գյուղ էին մտել, նրանց դիակները չեն գտել։ Սպանել են նրանց, թե տարել՝ հայտնի չէ. մինչ օրս սկսեսրայրիս մասին տեղեկություն չկա։
Տանելուց հետո՝ այդ նույն գիշերը և հաջորդ օրը ցերեկը, բոլորիս հավաքած մի տեղ պահում էին։ Զենքը պահում էին մեզ վրա ու անընդհատ վախեցում, որ մեզ կմորթեն։ Այդ պահերին ես մտածում էի միայն, որ շուտ սպանեն, ու ես ոչ մի բան չզգամ։ Նույնիսկ պահ է եղել, երբ մտածել եմ՝ աննկատ զենք վերցնեմ, ինքս ինձ կրակեմ և գուցե այդպես ամեն ինչ վերջացնեմ։
Հաջորդ օրն ասեցին, որ զոհված մի քանի տղաների թաղումը պետք է լինի, ու մեզ տանելու են նրանց գերեզմաններին մորթելու։ Մեզ չտարան, գուցե տղաներին են տարել՝ չգիտեմ։ Մեր գյուղի երիտասարդ կանանցից մեկին ուրիշ մարդիկ եկան-տարան, ասեցին՝ փոխանակելու համար։
Բայց ինձ հետ այնտեղ եղած մարդկանցից ոչ մեկին ես այլևս չեմ տեսել, նրանց չեն փոխանակել, նրանք չեն վերադարձել։ Թե իրոք նրանց տարել են այդ գերեզմաններին մորթելու, թե գնդակահարել են, թե ինչ են արել՝ չգիտեմ։ Կանայք էլ կային, երեխաներ էլ, երիտասարդ տղաներ էլ. ոչ մեկին հետագայում չեն փոխանակել։ Բայց մեր գյուղից 10 երեխա են տարել, 10-ին էլ փոխանակել են տարբեր ժամանակահատվածներում՝ նույնիսկ տարիներ հետո։ Քրոջս սկեսուրը 2 տարի 4 ամիս հետո է փոխանակվել, նա էլ էր Մարաղայից գերեվարվել։
37.54
Ծովինար
Խոսել եմ նրանց հարսի հետ՝ եղբոր կնոջ։ Ասում էր շատ են ծեծել, տանջել, սոված պահել, վաճառել մեկը մյուսին, աշխատացրել հողամասերում, բռնաբարել են։ Փոխանակումից հետո այդ աղջիկը չէր ուզում ապրել, հազիվ են կյանքի վերադարձրել։
38.14
Ռ. Կարապետյան
Գյուղից 30 պատանդ է վերցվել։ Կեսից ավելինի ճակատագիրը մինչ օրս էլ անհայտ է։ Պատմում է, որ ամեն օր մի քանի անգամ պարտադիր ծեծում էին, խոշտանգում։ Ասում է՝ «Պատմելու բան չի, ես քեզ ինչպե՞ս պատմեմ, թե ինչ են արել։ Ես կին եմ, հնարավոր չի, որ ես քեզ պատմեմ, թե մեզ հետ ինչպես են վերաբերվել։ Ամոթ չէ՞, ես քո ներկայությամբ նման բառեր արտահայտեմ»։ Օրինակ, պատանդ է եղել, ում փոխանակել ենք, Ռիտա Մնացականյան, ամբողջ մարմնի վրա ծխախոտներ հանգցրած։ Փոխանակվածների մեծ մասն այժմ կենդանի չէ. շատ կարճ են ապրել, ով 5 տարի, ով՝ 1։
39.31
Ռոմա
Ցավալին այն է, որ այդ անասունները ժողովրդին սպանելիս հերիք չի ավտոմատից են կրակել, հետո էլ դիակներն են դանակահարել։ Սպանելուց հետո էլ են մորթել, կենդանի վիճակում էլ։ Այն վայնասունը, որ ես լսում էի, 100մ հեռավորության վրա էր։ Այդ հեռավորության վրա մարդուն որ խոշտանգեն բնականաբար կլսես։ Հետո մենք ազատագրեցինք գյուղն ու տեսանք իրավիճակը։ Գյուղում թեյարան կար, որի ետևում շատ դիակներ կային, բոլորը դանակահարված, մորթված ու իրար վրա լցրած։ Երբ ուսումնասիրում էինք, երևում էր, որ ավտոմատով կարգին կրակած էլ չէ։ Գոնե կրակեին, էլի ոչինչ։ Բայց բոլորը խոշտանգված էին. մեկի վիզն էր կտրած, մեկի կուրծքը խազած, խաչաձև կտրվածքներ ճակատին, կրծքին։
Մի հետաքրքիր փաստ կար։ Մենք հետևում էինք, թե ինչպես էր նրանց հետևակն առաջանում։ 150-200մ հեռավորությունից պարզ երևում էր, որ 10-ից 1-ի ձեռքին թուր կար պարտադիր։ Ես տղաներին անմիջապես հրամայեցի, որ կրակելիս առաջին հերթին կրակեն նրանց, ում ձեռքին թուր կա։ Մնացածներին, որ չհասցնեն էլ կրակել՝ ոչինչ, կարևորը դրանց կրակեն։ Հետո պարզվեց, որ մնացած ուղղություններով ևս նույն տեսարանն էր։ Ինձ պատմում էին՝ «Շան որդիների 10-ից 1-ի ձեռքին թուր կար»։ Դա այն տականքն է, ում ձեռքը մեռած ընկնես, վիրավոր, թե կենդանի, նա միևնույն է իր սև գործն անելու է։ Նա է խաչեր նկարողը, վիզ կտրողը. նրա մասնագիտությունը դա է։
41.32
Ա. Գրիգորյան
Խորհրդային Միության փլուզումը նրանց համար մեծ հնարավորություն էր՝ կրկնել ցեղասպանությունը։ Մեր ժողովուրդը պատրաստ չէր ու չէր սպասում, որ նման բան հնարավոր է ժամանակակից աշխարհում, դե քանի որ 100 տարի առաջ այլ էր, իսկ հիմա ժողովրդավարություն կա։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ կարող էր նման դաժանություն լինել։
42.06
Ռոմա
Պատմությունը կարդում ես ու տեսնում, որ նույն բանը կրկնվում է, և ձեռագիրն էլ նույնն է՝ չի փոխվում։ Տեսեք, արդեն 21-րդ դարում ենք ապրում, բայց սրանց զորքը դեռ թուր է պահում ձեռքին։ Մեր օրերի պատերազմներում թուր պետք չէ։ Բայց նրանք թուր են պահում անհավատներին, իսկ նրանք հայերին գյավուր, այսինքն անհավատ են կոչում, հատուկ մորթելու համար։ Ուրեմն սպանելը քիչ է, պետք է մորթեն անպայման։ Չի փոխվում դրանց ձեռագիրը։
46.13
Քոքս
Կարծում եմ, շատ կարևոր է, որ մենք չմոռանանք կատարվածի մասին։ Եվ կարևոր է, որ աշխարհն իմանա, ինչ է կատարվել ձեր ժողովրդի հետ։ Սա իմ հաճախակի այցելությունների պատճառներից մեկն է։ Արդեն 60-րդ անգամ եմ Ղարաբաղում։
46.45
Որովհետև ես հուսով եմ և աղոթում եմ, որ աշխարհը ճանաչի ձեր ժողովրդի տառապանքները, և որ դուք հասնեք արդարության, և որ ձեր հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու իրավունք ստանաք։
47.13
Իմ միակ մտահոգությունն այն է, որ միջազգային հանրությունը միջամտի և որոշում կայացնի հօգուտ Հայաստանում և Արցախում ապրող հայերի, որ միջազգային հանրությունը հասկանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և ինչու Արցախի ժողովուրդն այլևս չի կարող ապրել Ադրբեջանի տիրապետության ներքո։
48.00
Նաև այդ պատճառով է, որ մարդիկ եմ բերում այստեղ, հույս ունենալով, որ նրանք կհասկանան պատմությունն ու իրականությունը։
Որովհետև ես հուսով եմ և աղոթում եմ, որ խաղաղություն ու արդարություն հաստատվի ձեր ժողովրդի համար, որն այդքան տանջվել է, բայց պահպանել է իր արժանապատվությունն ու խիզախությունը։
48.31
Նրանց տառապանքը չի մոռացվի։ Քանզի երբ հիշում եք տառապանքի մասին, գիտակցում եք ձեռքբերվածի կարևորությունը։ Ձեր ժողովուրդը վերածնել է իր հիանալի երկիրը։ Մարդիկ, ովքեր առաջին անգամ են այցելում, հնարավոր է չեն էլ պատկերացնում, թե ինչ էր կատարվում այստեղ 10-15 տարի առաջ։ Բայց դա մասն է այսօրվա ձեռքբերումների, այն գեղեցկությունը, որ վերստեղծել եք ավերակներից ու մոխիրներից։
Սովորական Ցեղասպանություն. Մարաղա, 1992, Ապրիլ
Կայքը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության Կենտրոնի աջակցությամբ։
Կայքը ստեղծվել է "Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն" հասարակական կազմակերպության աջակցությամբ
Կայքի խմբագրությունը պատրաստ է քննարկել տվյալ իրադարձությունների հետ կապված բացառիկ նյութի առցանց տեղադրելու մասին ցանկացած առաջարկություն։
E-mail: [email protected]