«Օղակ» Գործողություն, 1991

Սովորական ցեղասպանություն - վավերագրական ֆիլմաշար

Սցենար

Այս ֆիլմը մեղադրանք է։ Մարդկության դեմ հանցագործության մեղադրանք, որ իրականացվել է ադրբեջանական իշխանության և խորհրդային ղեկավարության գորբաչովյան թևի կողմից 1991 թվականի գարուն-ամռանը։ «Օղակ» գործողության ընթացքում հայ ժողովրդի ցեղասպանության մեղադրանք, որն իրականացվում էր ոչ միայն խորհրդային Ադրբեջանի տարածքում, այլև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում։

«Օղակ» գործողությունը հայաբնակ 35 գյուղերի խաղաղ բնակչության դեմ պետական ահաբեկչության գործողություն է։ Իրականացման ժամանակահատվածը՝ 1991 թվականի ապրիլից օգոստոս։ Իրականացման վայրը՝ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի, Շուշիի, Մարտակերտի, Հադրութի շրջաններ, Ստեփանակերտ, խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի, Գորիսի, Տաուշի շրջաններ։ Հեղինակներն ու իրագործողները՝ Այազ Մութալիբով, Վիկտոր Պոլյանիչկո, Մահոմեդ Ասադով, Ադրբեջանական ԽՍՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատ, Ադրբեջանի ազգային ճակատ, Միխայիլ Գորբաչով, Բորիս Գրոմով, ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ԽՍՀՄ բանակի ստորաբաժանումներ։

Քերոլայն Քոքսի և Ջոն Էյբների «Էթնիկ զտումները շարունակվում են. Պատերազմ Լեռնային Ղարաբաղում» գրքից։ Գործողությունը սկսվեց ապրիլի 30-ի առավոտյան Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի դեմ։ Այս անվանումները խաղաղ բնակիչների նկատմամբ դաժանության աստիճանով կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ Բաքվի և Սումգայիթի հետ մեկտեղ։ Անպաշտպան գյուղացիների դեմ ձեռնարկված գործողությունն առանձնանում էր հատուկ դաժանությամբ և տմարդությամբ։ Գործողության ընթացքում խաղաղ բնակիչների դեմ իրականացվել են բազմաթիվ անմարդկային գործողություններ. տղամարդկանց բռնում և սպանում էին, կանանց բռնաբարում, երեխաները ենթարկվում էին դաժան վերաբերմունքի, քաղաքացիական անձանց առևանգում և գերեվարում էին։ Ադրբեջանական թուրքերը մոտակա գյուղերից ժամանում էին բեռնատարներով, զբաղվում կողոպուտով և դիակապտությամբ, գողանալ-տանելով ամեն ինչ՝ գույքից մինչև անասուն։

Սա Գետաշենն է՝ 20-րդ դարասկզբին Հայաստանից բռնանջատված հայկական ամենախոշոր գյուղերից մեկը։ Գետաշենի բնակչությունը հասնում էր 5.000-ի։ Հենց այս գյուղը դարձավ «Օղակ» գործողության առաջին թիրախը։

Ռուս գրող և հրապարակախոս Ինեսա Բուրկովան վկայում է։ Փախստականների պատմությունները լսելը մարդկային ուժերից վեր է։ Տանջահարված, խելագար աչքերով, նրանք կրկին վերապրում էին հարազատ գյուղում կրած սարսափը։ Հրետանային ռմբակոծություն, փողոցներում դղրդացող զրահատեխնիկա, դեսուդեն նետվող գյուղացիների բազմություն, ճիչեր, լաց, օգնության աղերսանք։ Արկերով ջախջախված հարազատներ, սպանված եղբոր դիակը, որի վրայով տանկ էր անցել։ Թրթուրահոդերին միս է, կացնով մասնատված հարևանը։ Ավերակների վերածված այրվող տներ և դպրոց։ Ադրբեջանական մեքենաներ՝ բեռնված կողոպտված բարիքով։

Այսպիսին էր բուն «Օղակ» գործողության սկիզբը։ Սակայն էթնիկ զտումները, բռնի տեղահանությունը և հայ բնակչության ցեղասպանությունը սկսվել էին շատ ավելի շուտ։

«Մեմորիալ» ռուսական իրավապաշտպան կենտրոնի զեկույցից։ 1989-1990 թվականների ձմռանը Կուսչի Արմավիր, Ազատ, Կամո գյուղերի բնակիչները չդադարող զինված հարձակումների, շրջանային իշխանության մարմինների և ներքին զորքերի ստորաբաժանումների հրամանատարների ճնշումների պատճառով ստիպված էին լքել իրենց բնակավայրերը։

1990 թվականի հուլիսի 26-ին հրապարակվեց ԽՍՀՄ նախագահ Գորբաչովի «ԽՍՀՄ օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբավորումների ձևավորման արգելքի և զենքի ապօրինի պահման դեպքում դրա բռնագրավման մասին» հրամանագիրը, որն օրինականացնում էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանամերձ բնակավայերի հայ բնակչության դեմ պետական ապաբեկչության արդեն իսկ իրականացվող գործողությունը։

Վիկտոր Կրիվոպուսկով, 1990-1991 թվականներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի շտաբի պետ։ «Ըմբոստ Ղարաբաղ» գրքից։ Ինչպես ցույց տվեց մեր խմբի գաղտնի արշավը, Ադրբեջանում գործում էր մի քանի տասնյակ ապօրինի, ինքնաձիգներով զինված ոստինկանության հատուկ նշանակության խմբավորումներ։ Ցերեկները դրանք քնում էին հատուկ կայաններում ադրբեջանական բնակավայրերի տարածքում, իսկ գիշերները հարձակվում հայկական գյուղերի, անասնաբուծական ֆերմա վրա, սանձարձակվում ճանապարհներին, սպանում, կողոպտում։ Եղել են դեպքեր, երբ սպանում և կողոպտում էին նաև ադրբեջանցի բնակիչներին։

Ինպես հաղորդում էր «Էխո Մոսկվի» ռադիոն 1991 թվականի մայիսին, գործողության նախագծի համաձայն՝ ադրբեջանբնակ վայրերը ստուգման ենթակա չէին։

1991 թվականի հուլիսին Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի սահմանամերձ բնակավայեր այցելած՝ Սախարովի անվան միջազգային առաջին վեհաժողովի պատվիրակության զեկույցից։ Խոջալուի օդանավակայանում հայազգի ուղևորներին պարբերաբար ծաղրում են, ենթարկում ծեծի և նվաստացման։ Երիտասարդ կանանց և աղջիկներին ստիպում են մերկանալ ադրբեջանական ՕՄՕՆ-ի աշխատակիցների ներկայությամբ, խլում են փողը, թանկարժեք իրերը։

Ընդունված է համարել, որ «Օղակ» գործողությունը պատիժ եղավ հայերին ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեին մասնակցությունից հրաժարվելու դիմաց։ «Օղակ» գործողության պլանի մշակումը տեղի էր ունենում միութենական հանրապետությունների կենտրոնախույս միտումների ուժգնացման ֆոնի վրա։ 1991 թվականի մարտի 17-ին նշանակված էր ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեն։ Դրանում չեն մասնակցել բալթյան հանրապետությունները, Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը։

Վիկտոր Կրիվոպուսկովի «Ըմբոստ Ղարաբաղ» գրքից։ Դեռևս 1990 թվականի նոյեմբերին մեր օպերատիվ-քննչական խմբի տրամադրության տակ հայտնվեցին Ադրբեջանի ղեկավարության գաղտնի նյութեր Խանլարի և նախկին Շահումյանի շրջանի գյուղերից հայազգի բնակչության տեղահանման նախագծով։ 1991 թվականի փետրվարի սկզբին կայացած՝ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նիստում հանրապետությունից հայ բնակչության տեղահանման նախագիծը փաստորեն հավանության արժանացավ։

Ֆիլմի մշակման ընթացքում հաջողվեց գտնել այդ նույն փաստաթղթերի լուսանկարչական պատճենները, որոնց մասին գրում է Վիկտոր Կրիվոպուսկովը։ Դրանց տեխնիկական վիճակը հնարավորություն չի տալիս դիտարկել մանրամասները, սակայն հաստատում է ինքնին «Օղակ» գործողության պլանի գոյության փաստն արդեն իսկ 1990 թվականի աշնանը՝ ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեից շատ առաջ։ Այդ պլանը ոչ միայն հավանության է արժանացել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նիստում 1991 թվականի սկզբին, այլև այնուհետև համաձայնեցվել է ԽՍՀՄ անվտանգության խորհրդի հետ։

Այսպիսով, քննադատության չի դիմանում այն հաստատուն կարծիքը, թե Արցախի հայկական գյուղերի բնակչության բռնի տեղահանման գործողությունը Կենտրոնի և անձամբ Գորբաչովի վրեժն էր ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեին մասնակցելու Հայաստանի մերժման դիմաց։ Մարտի 17-ի հանրաքվեն Գորբաչովի կողմից օգտագործված լոկ հարմար առիթ դարձավ՝ Ադրբեջանի հրեշավոր մտադրությունների սատարումն արդարացնելու համար։

1991 թվականի մայիսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Էլիզաբեթ Ֆուլերը գրում է։ Մոսկվան բռնել է Ադրբեջանի կողմը, որի նախագահը հաստատեց, որ իր հանրապետությունը կստորագրի խորհրդային նոր պայմանագիրը։

1991 թվականի մարտի 25-ից ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը՝ ՕՄՕՆ-ը, սկսել էր Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի պարբերական գնգակործությունը։ Զոհերի թվում էր նաև 12-ամյա Արամայիս Սահակյանը՝ գնդակահարված դիպուկահարի կողմից դպրոցից տուն ճանապարհին։

«Մեմորիալ» ռուսական իրավապաշտպան կենտրոնի զեկույցից։ «Մեմորիալի» տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը ծանրակշիռ հիմքեր են տալիս ենթադրելու, որ ԼՂԻՄ հայաբնակ մի շարք գյուղերի և հարակից շրջանների բնակիչների տեղահանման որոշումներն ընդունվել են Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության խորհրդի, Ադրբեջանական Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահության (1991 թվականի ապրիլի 10-11-ի) նիստերում և Ադրբեջանական Հանրապետության նախագահ Մութալիբովի մոտ հանրապետության պետանվտանգության կոմիտեի, ներքին գործերի նախարարության, դատախազության ղեկավարության հետ (1991 թվականի ապրիլի 16-ի) խորհրդակցության ընթացքում։

1991 թվականի մարտի 14-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որում կոչ էր անում նախագահ Գորբաչովին «վերջ դնել Ղարաբաղի և հարակից հայաբնակ շրջանների բնակչության անվտանգության նկատմամբ ոտնձգություններին, որին, ըստ ամենայնի, փորձում են ենթարկել զանգվածային գաղթի»։

ԼՂԻՄ արտակարգ դրության Զինվորական պարետատան քաղբաժնի պետ գնդապետ Պոլոզովի 1991 թվականի ապրիլի 28-ի զեկուցագրից։ Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության խորհրդի որոշումից հետո, որն ուղղություն էր վերցրել հայերի տեղահանման վրա, կտրուկ սրվեց ադրբեջանական ՕՄՕՆ-ի գործունեությունը։ Ընթանում են մարտական բաց հարձակումներ հայկական բնակավայրերի վրա։ Կազմկոմիտեի անդամների խոսքերով՝ ակտիվ գործողությունների նրանց դրդում են Ադրբեջանի ազգային ճակատի առաջնորդները։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանն այն օրերին հաղորդում էր։ ԽՍՀՄ անվտանգության խորհրդի հետ համաձայնությամբ՝ գործողությանը մասնակցելու է Ադրբեջանի ՕՄՕՆ-ը 1.000 մարդ քանակով։ Զորքի ստորաբաժանումները և ՕՄՕՆ-ը ենթարկվում են Ադրբեջանի ՆԳՆ-ին։ Գործողությունը գլխավորում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարը։ ԼՂԻՄ է ժամանել բարձրաստիճան սպայերի եռյակ ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունից, ներքին գործերի նախարարությունից և պետանվտանգության կոմիտեից։ Նման եռյակներ կազմվում և գործում են բոլոր շրջաններում։ Այդ պաշտոնատար անձինք հանդես են գալիս կեղծանուններով, պաշտոններն ու զինվորական կոչումները պայմանական են։

«Պաշտոնատար անձանց կոչանունների աղյուսակ» վարնագրով այս փաստաթուղթը ևս մեկ վկայություն է, որ խաղաղ հայ բնակչության բռնի տեղահանման նախագիծը մշակվել է որպես իսկական ռազմական գործողություն, որում ներգրավվել է զգալի ռազմական ուժ, հզոր ռազմական տեխնիկա և օդանավատորմ։

«Ըմբոստ Ղարաբաղ» գրքում Վիկտոր Կրիվոպուսկովը բերում է «Օղակ» գործողության անմիջական նախապատրաստման ժամանակագրությունը։

Ապրիլի 9-ին 1410-ին Ստեփանակերտ են ժամանում ԽՍՀՄ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ նախարարի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Բորիս Գրոմովի գլխավորությամբ։ 1420-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ խորհրդակցություն, որից հետո Գրոմովն ու Պոլյանիչկոն առանձնանում են։

Տեղեկանք։ Վիկտոր Պոլյանիչկո։ Ավղանստանում այսպես կոչված ազգային հաշտեցման տապալված քաղաքականության մշակողներից և իրականացնողներից մեկը։ 1990-1992 թվականներին՝ Ադրբեջանի ԽՍՀ կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար։ 1991 թվականի փետրվարի սկզբին հայտարարել է. «Ղարաբաղի հողը մեր հողն է, և մենք պետք է զբաղեցնենք այն մեր երեխաների համար»։ 1991 թվականի օգոստոսին նեցուկ եղավ Արտակարգ դրության պետական կոմիտեին։ Բաքվի ռադիոյով ելույթից. «Ես պատրաստ եմ Խորհրդային Միության արտակարգ դրության պետկոմին ներկայացնել իմ ղարաբաղյան փորձը»։

Ինեսա Բուրկովայի խոսքերով՝ գործողությունը փաստորեն ղեկավարում էր Բորիս Գրոմովը, ով ժամանակին փորձարկել էր այդ սխեման Ավղանստանում և նույնությամբ, բաձարձա՛կ ճշգրտությամբ իրականացրեց այն Ղարաբաղում։

1735։ Գրոմովը չեղյալ է հայտարարում Արցախի հայ հասարակայնության ղեկավարության և ներկայացուցիչների հետ նախատեսված բոլոր հանդիպումները և շտապ մեկնում է Բաքու։

Ապրիլի 10։ Առավոտյան 830։ Գրոմովը հանդիպում է Ադրբեջանի նախագահ Մութալիբովի հետ առանձին։

Տեղեկանք։ Այազ Մութալիբով։ 1990 թվականին՝ Ադրբեջանի ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար։ 1990-1992 թվականներին՝ Ադրբեջանի առաջին նախագահ։ Բաքվի հակահայկական քաղաքականության գլխավոր գաղափարաբաններից և Արցախից հայերի տեղահանման նախագծի մշակողներից մեկը։

Ապրիլի 10, 1100։ Գրոմովը շտապ մեկնում է Մոսկվա։ Ապրիլի 10, 1600-1900։ Ադրբեջանի պաշտպանության խորհրդի նիստ։ Հիմնական զեկուցող՝ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Ասադով։

Տեղեկանք։ Մահոմեդ Ասադով։ 1987 թվականին նախաձեռնել է հայկական Չարդախլու գյուղի բռնի տեղահանությունը։ 1988 թվականի փետրվարի 14-ին՝ «Սումգայիթից» 2 շաբաթ առաջ, հայտարարել է, որ «100 հազար ադրբեջանցի պատրաստ է ներխուժել Ղարաբաղ և սպանդ կազմակերպել»։ 1990-1991 թվականներին՝ Ադրբեջանական ԽՍՀ ներքին գործերի նախարար։ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության ոգեշնչողներից և իրականացնողներից մեկը։

ՌԴ Գերագույն Խորհրդի մարդու իրավունքների կոմիտեի լսումների նյութերից։ 1991 թվականի ապրիլի 19-ին ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի՝ Գետաշենում տեղակայված անձնակազմը դուրս է բերվել գյուղից։ Նույն ժամանակ դադարեցվել է ռադիոհեռագրական և հեռախոսային կապը, էլեկտրաէներգիայի մատակարարումը, արգելվել են ավիաթռիչքները։

Հանդիսանալով Արցախի հյուսիսային դարպաս՝ Գետաշենն ամենահարմար ռազմահենադաշտն էր դեպի հայերի տիրույթային բնակության տարածքի խորք հետագա հարձակման համար։ Հենց այդ պատճառով «Օղակ» գործողությունը սկսկվեց Գետաշենից և հարևան Մարտունաշենից։

Այն, որ Ադրբեջանը թուրքական ցեղասպան քաղաքականության նվիրյալն էր, ընդգծվում էրարցախյան երկու գյուղերի տեղահանման «միջոցառման» ծիսական բնույթով։ Այն փաստը, որ նոր ցեղասպանության համար ընտրվել էր ապրիլի 24-ը՝ 1915 թվականին Հայոց Եղեռնի հիշատակի օրը, ուներ չարագույժ իմաստ, որ լկտիաբար շեշտում է 20-րդ դարի սկզբի և վերջի դահիճների նպատակների և միջոցների ընդհանրությունը։ Սակայն ապրիլի 24-ի հարձակումը ձախողվեց։ Ադրբեջանի ղեկավարությունը տեղափոխում է գործողությունը ամսվա վերջ։

Սրանք Խորհրդային բանակի ստորաբաժանումների գրոհման նախապատրաստության վերջին րոպեների հրաշքով պահպանված կադրեր են. բանակի, որ ստիպված էր իրականացնել հանցագործ հրամանատարության հանցավոր հրամանները։ Եվս մի քանի ակնթարթ և տանկերը կշրջվեն և ուղղություն կվերցնեն դեպի հայկական Գետաշեն և Մարտունաշեն գյուղեր։ Ահռելի պետության պատժիչ մեքենան իր ամբողջ հզորությամբ կնետվի խաղաղ բնակչության վրա։

Վկայում է Ինեսա Բուրկովան։ Ապրիլի 30-ի առավոտյան ժամը 5-ին սկսվեց «Օղակ» ռազմական գործողությունը Գետաշենի և Մարտունաշենի խաղաղ բնակչության դեմ։ Տանկերով և զրահամեքենաներով շրջապատված գյուղերը ենթարկվեցին հոծ գնդակոծության։ Մի քանի ժամ անց զրահամեքենաները գյուղեր ներխուժեցին, դրանց պաշտպանության տակ ինքնաձիգներից կրակելով առաջանում էին զինվորներն ու Ադրբեջանի ԽՍՀ ՆԳՆ օմօնականները, նրանց ետևից՝ հարևան գյուղերի արդբեջանցի-դիակապուտները։ Նրանք բոլորը ներխուժում էին ծայրամասային տները, սպանում, ծեծի ենթարկում, կողոպտում էին հայերին, տանում էին նրանց ունեցվածքը, մեքենաները, անասունը, հրազենի փողի տակ ստիպում էին դիմում գրել իրենց տներն ընդմիշտ լքելու «ցանկության» մասին։

«Ազատություն» ռադիոյի մեկնաբան Էլիզաբեթ Ֆուլերը հաղորդում էր: «Ապրիլի 30-ին Գետաշենում և Մարտունաշենում սպանվել է 37 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, մոտ 100-ը վիրավորվել են։

Վկայում է Ինեսա Բուրկովան։ Չէին խնայում նույնիսկ խոր ծերերին։ Կանանց նույնպես ծեծի էին ենթարկում, կտրում ականջները, որպեսզի վերցնեն ականջօղերը, ոմանց բռնաբարել են։ 43 մարդ գերեվարվել է։ Նրանցից 14-ին տարել են անհայտ ուղղությամբ։ 29-ին տեղափոխել են Հաջիքենդ և ավտոբուսում փակված երկու օր անդադար ծեծի էին ենթարկում ճտքակոշիկներով, մահակներով, ինքնաձիգների կոթերով. դաժանամոլները խոշտանգումների են ենթարկել 29 պատանդից յուրաքանչյուրին։ 3-րդ օրը օմօնականները փոխանակել են նրանց 14 գերի զինվորների և գնդապետի դիմաց և վերադարձրել Գետաշեն. արյունոտ խառնաճարակ, ճզմված փորոտիքով, կոտրված ձեռքերով, ոտքերով և կողոսկրերով, ծակված գանգերով։ Գրավված երկու գյուղերի ավելի քան 100 բնակիչ ծեծվել, վիրավորվել, խեղվել է։

Ռադիոհեռագիր Գետաշենից։ ՍՈՍ, ՍՈՍ, ՍՈՍ։ Մենք՝ Ադրբեջանի հայկական Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի բնակիչներս, աղաչում ենք՝ փրկե՛ք մեր կյանքը։ Մեզ ճզմում են տանկերով մեր տներում և բակերում, կանանց, երեխաներին և ծերերին գերեվարում են ադրբեջանական օմօնականները, կոտրում են ձեռքերն ու ոտքերը, կողերը ջարդում են պատին խփելով, վնասում են երիկամները, պոկում գանգամաշկը, քշում մերկ փողոցներով, ծակծկում դանակով։ Մեզ ստիպում են լքել հարազատ գյուղերը։ Մեր տներն ավերված են, այրվում են, մենք տեղ չունենք պատսպարվելու։ Աշխարհի մարդիկ, փրկե՛ք, գոնե երեխաների՛ն փրկեք։ Մենք զոհվում ենք՝ արտաքին աշխարհից տանկերով պատնեշված։ ՍՈՍ, ՍՈՍ, փրկե՛ք։

Խաղաղ բնակչության դեմ պետական ահաբեկչության, մարդու իրավունքների զանգվածային խախտումների և պատմական բնակավայրերից բռնի տեղահանության քաղաքականությունը հանգեցրեց ժողովրդական երկրապահ ջոկատների ձևավորմանը։ Գետաշենում և Մարտունաշենում ինքնապաշտպանության առաջնորդներ դարձան Գետաշենի դպրոցի պատմության ուսուցիչ Թաթուլ Կրպեյանը և երկրաբան Սիմոն Աչիկգեզյանը՝ Դեդը։ Ապրիլի 30-ին երկուսն էլ հերոսաբար զոհվեցին։

Այն օրերին Գետաշենում գտնվող լրագրող Վարդան Հովհաննիսյանը հիշում է։ Կրպեյանն իր կյանքի գնով կանխեց Գետաշենի սպանդը։ Ադրբեջանցիներին շատ ձեռնտու էր խորհրդային սպայի մահը, քանի որ այդ դեպքում նրանք կարող էին ներկայացնել սպանդը և տեղահանությունը որպես «հայ զինյալների դեմ պայքար»։ Մահացու վիրավորված Թաթուլը հասցրեց փրկել սպային, և արդյունքում բանակցությունները շարունակվեցին, բնակիչներին հաջողվեց տեղափոխել առանց մեծաքանակ զոհերի։

«Ազատություն» ռադիոյի մեկնաբան Էլիզաբեթ Ֆուլերը հաղորդում է: Չնայած մայիսի 1-ին Գորբաչովի տված խոստմանը, որ քայլեր կձեռնարկի արյունահեղության կանխման համար, մայիսի 2-ին երկու գյուղերն էլ կրկին ենթարկվեցին հարձակման։ Մարտունաշենն իսպառ այրվեց։

Մայիսի 4։ Գորբաչովը շարունակում է երեսպաշտորեն պնդել. «Գետաշենի և Մարտունաշենի բնակչության տեղահանման հարցը հանված է։ Ոչ ոք իրավունք չունի ստիպել այդ գյուղերի բնակիչներին լքել իրենց բնակության վայրերը»։

Իսկ իրադարձությունների վայրից՝ Շահումյանից, Ինեսա Բուրկովան հաղորդում է։ Մայիսի 4-ին և 5-ին ուղղաթիռներով 1.317 մարդ տեղափոխեցին Ստեփանակերտ, այնտեղից՝ Հայաստան, մայիսի 6-ին և 7-ին՝ ևս 1.100 մարդ։ Մոտ 2.5 հազար խաղաղ բնակիչներ դուրս շպրտվեցին սեփական տներից, հարազատ գյուղերից, դարձան անտուն, իրավազուրկ փախստական։ Սակայն ավելի քան 500 երիտասարդ և միջին տարիքի տղամարդկանց՝ նույնպես փողոց շպրտված, ձերբակալեցին և տարան անհայտ ուղղությամբ, հավանաբար, որպեսզի խոշտանգումներով ստիպեն, որ իրենք իրենց «զինյալ» ճանաչեն։

Մարտունաշենում և Գետաշենում ոչ մի բնակիչ չի մնացել։ Երկու գյուղերն էլ կողոպտման հանձնվեցին օմօնականներին և հարևան գյուղերի ադրբեջանցիներին, և շատ չանցած բնակեցվեցին ադրբեջանցիներով։

«Կոմերսանտ» թերթը 1991թվականի 21-րդ համարում գրում է։ Որքան էլ սարսափելի լինեին տեղահանման արդյունքները, դրանք չէին կարող բավարարել ոգեշնչողներին։ Բաքվում դժգոհ էին տեղահանման թափով, և Ադրբեջանի ղեկավարությունը պահանջում էր բանակի ավելի ակտիվ գործողություններ։

1991 թվականի հունիսի 14-ին «Բակինսկիյ րաբոչիյ» թերթը հաղորդում էր, որ Գետաշենում արդեն բնակվում է 3.000 ադրբեջանցի։

Ինեսա Բուրկովա։ Այնտեղ խանձահոտ է գալիս։

Մայիսի 7։ Վերջին հայը լքել է Գետաշենը։

Հուլիսի 4-ին Միխայիլ Գորբաչովը ստորագրեց ադրբեջանական ՕՄՕՆ-ի 7 աշխատակցի Կարմիր աստղի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիրը «Ադրբեջանի Խանլարի շրջանում զինյալների զինաթափման մարտերին մասնակցելու համար», այսինքն Գետաշենի և Մարտունաշենի բնակչության բռնի տեղահանման գործողության համար։

Մայիսի կեսին դահիճների գլխավոր հարվածի ուղղությունը փոխվեց դեպի արևելք։ Այս ճանարապարհը տանում է դեպի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հայկական 4 գյուղեր։ Այստեղ՝ լեռան բարձունք, մայիսի կեսին հասավ «Օղակ» գործողությունը։

Մայիսի 13։ Սախարովի անվան միջազգային առաջին վեհաժողովի պատվիրակության զեկույցից։

Տեղեկանք։ 1991 թվականի մայիսի սկզբին Մոսկվայում իր աշխատանքը սկսեց Սախարովի անվան միջազգային առաջին վեհաժողովը։ Արցախի հայազգի բնակչության տեղահանման տեղեկությունները համոզեցին վեհաժողովի մասնակիցներին հրատապ ձևավորել և բախման տարածաշրջան ուղղել միջազգային պատվիրակություն, որի կազմում ընդգրկվեցին 15 իրավապաշտպաններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից և Նորվեգիայից։ Պատվիրակությունը գլխավորում էր բրիտանական խորհրդարանի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Բերդաձորից Բարսեղյան ազգանունով 20-ամյա մի կին պատմեց հետևյալը։ Մայիսի 13-ի առավոտյան ժամը 6-ին գյուղը շրջապատվել էր ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերով և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատներով։ Նրանք կապկպել են իր ամուսնուն ու տեգրոջը և նետել ավտոբուսի մեջ։ Նրան տվել են փաստաթուղթ այն մասին, որ ինքն ինքնակամ լքում է գյուղը, և համառել են, որպեսզի նա ստորագրի այն։ Նա ստորագրել է, քանի որ սաստիկ վախեցած էր։ Նա մեկամյա երեխա ուներ։ Զինվորը մոտեցել էր երեխային, վերցրել փոքրիկին գլխից և ասել՝ «դուք հայ եք, այդ պատճառով ես պետք է ձեր լեզուները կտրեմ»։ Կինը նետվել է զինվորի վրա, որպեսզի պաշտպանի փոքրիկին։ Զինվորը նրան բռնաբարել է, բայց հանգիստ է թողել երեխային։

Վկաները պատմեցին, որ Մեծ Շեն գյուղում մի տղամարդ է սպանվել կոկորդին արձակած 30 կրակոցով իր հղի կնոջ և երեխաների աչքի առջև այն բանի համար, որ փորձել է պաշտպանել կնոջը ծեծից։ Իսկ մի հոգևորականի սպանել են այն պատճառով, որ առարկել է զինվորներին, որոնք մեղադրում էին իրեն զինված դիմադրության մեջ։

Մայիսի 14։ Սախարովի անվան վեհաժողովի պատվիրակության զեկույցից։ Բերդաձորի Մեծ Շեն գյուղից մի տարեց հաշմանդամ տղամարդ պատվիրակության անդամներին պատմեց, որ 1991 թվականի մայիսի 14-ին գյուղի վրա սկսեցին պտտվել ուղղաթիռներ և մտան ադրբեջանական ՕՄՕՆ-ի զորամասերը։ Բոլոր տղամարդկանց կապկպեցին միասին, շպրտեցին ավտոբուսի մեջ և տարան։ Երիտասարդներին ծեծում էին այնպես, որ հետագայում նրանք ի վիճակի չլինեին երեխաներ ունենալ։

Բերդաձորի տեղահանված բնակիչները կարողացան վերադառնալ հարազատ տներ մեկ տարի անց։ Վերադարձել են բոլորը, բացի նրանցից, ովքեր մնացել էին Բաքվի բանտերի տանջարաններում։

«Օղակ» գործողության չարագույժ վարատումները տարածվեցին ամբողջ Արցախով։ Հադրութի շրջանի գյուղերը հարձակման ենթարկվեցին հուլիսին։

Մայիսի 15-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանը հաղորդում էր: «ԽՍՀՄ անվտանգության խորհրդի որոշմամբ ստեղծվեցին զտման մի քանի կետեր, որոնք գործում էին ԽՍՀՄ ՆԳՆ և Ադրբեջանի ՆԳՆ իրավասության ներքո՝ Լաչին, Ջեբրաիլ, Ֆիզուլի, Աղդամ, Միր Բաշիր և Շուշի։ Բոլոր ձերբակալվածները տեղափոխվում էին այդ կետեր։

Այստեղ՝ Ջեբրաիլի ոստիկանության շենքի հրապարակ էին բերում Հադրութի գյուղերի բոլոր պատանդներին։ Սկզբում նրանց մատնում էին ամբոխի հոշոտմանը, այնուհետև զտում էին։ Մի մասին ազատ էին արձակում, մյուսներին ուղարկում էին բանտեր՝ Շուշի կամ Բաքու։ Ոմանց հետագայում փոխանակում էին, ոմանց՝ վաճառում, ոմանք էլ զոհվում էին խոշտանգումներից, ծեծից և կեցության անտանելի պայմաններից։ «Օղակ» գործողության ընթացքում գերեվարվածներից շատերի ճակատագիրն անհայտ է մինչ օրս։

Սախարովի անվան վեհաժողովի պատվիրակության զեկույցից։ Մենք ստացել ենք Լեռնային Ղարաբաղի նախկին հայկական գյուղերը ազգությամբ ադրբեջանցի անձանցով պարբերական բնակեցման մասին վկայություններ, իսկ դրանց բուն բնակչությունը դուրս է բերվել բռնի տեղահանման իրականացման շրջանակներում։ Այդ արատավոր պրակտիկան հանգեցրեց այն բանին, որ ադրբեջանցի փախստականները կրկին հայտնվեցին շարունակվող բախման գոտում, ինչը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։

Հուլիսի 6-10։ Շահումյանի շրջանից դուրս են բերվում ներքին զորքերը։ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Յազովն արգելում է քաղաքացիական ուղղաթիռների թռիչքները Շահումյանի շրջան։ Ադրբեջանական ՕՄՕՆ-ը գրոհում է Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերի վրա։ Գյուղացիների դիմադրությունը ստիպում է նրանց ետ քաշվել, և կրկին գործի են անցնում 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի զորամասերը՝ տանկերով և այլ զրահատեխնիկայով։

Հուլիսի 15։ ՄիԳ-23 կործանիչները Էրկեջ գյուղին հասցնում են հռթիռառմբային հարվածներ։ ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ խորհրդային խաղաղ բնակչության դեմ օգտագործում են ռազմական ինքնաթիռներ։ Մարդիկ ստիպված են լքել գյուղը։ Տանկերն ու զրահամեքենաները գնդակոծում են հեռացող գյուղացիներին, զոհվում է 4 կին և 1 երեխա։

Հուլիսի 24-ին բանակի զորամասերը և ադրբեջանական ՆԳՆ ուժերը ձեռնամուխ եղան Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր գյուղերից մեկի՝ 5 հազար մարդ բնակչությամբ Վերին Շենի հրետանային և ուղղաթիռային գնդակոծմանը։

Տեղեկանք։ Ռուսական մտավորականության «Ղարաբաղ» կոմիտե՝ «ԿՐԻԿ»։ Հիմնադիր ժողովը տեղի ունեցավ 1991 թվականի ապրիլի սկզբին Մոսկվայում։ Կոմիտեի և ռուսաստանյան այլ գործիչների շնորհիվ հանցագործներին չհաջողվեց թաքցնել «Օղակ» գործողության ընթացքում հայազգի բնակչության իրավունքների խախտման իրական ծավալները։

Մի խումբ պատգամավորներ Մոսկվայից՝ գնդապետ Վլադիմիր Սմիրնովը, Վիկտոր Շեյնիսը, Անատոլի Շաբադը և այլոք, «կենդանի հերթափոխ» էին սահմանել Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղում։ 1991 թվականի ամռանը Վերին Շենի տեղահանումը կանխարգելվեց։

Հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ։ Ահաբեկչության օղակը սեղմվում է Մարտակերտի շրջանի գյուղերի շուրջ։ Արցախի ամենախոշոր գյուղերից մեկը՝ Հաթերքը, պաշարվում է շրջակա լեռների ամբողջ պարագծով։

Սակայն ոչինչ չավարտվեց։ Բռնությունը, հարձակումները, սպանությունները և տեղահանությունը ոչ միայն ընդլայնվում էին, այլև ուղեկցվում ավելի դաժան միջոցներով և ձևերով։ Ադրբեջանը, որ դեռ վերջերս գրեթե միաձայն կողմ քվեարկեց ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին և եռանդագին սատարեց օգոստոսյան խռովությունը Մոսկվայում, արտակարգ դրության պետկոմի ձախողումից անմիջապես հետո՝ 1991 թվականի օգոստոսի 30-ին, լիովին հրաժարվեց խորհրդային իրավական ժառանգությունից՝ հայտարարելով Ադրբեջանական ԽՍՀ 70 տարիները Ռուսաստանի կողմից զավթման ժամանակահատված։ Ադրբեջանի ղեկավարության ազգայնամոլական քաղաքականությունը կաշկանդված չէր անգամ խորհրդային պետության ձևական շրջանակներով և կատարյալ սանձարձակության բնույթ ընդունեց։ Այդ ժամանակից Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի ցեղասպանությունն իրականացվում էր բացահայտ հարձակողական կատարելագործված ձևերով և արգելված զենքի կիրառությամբ։

«Օղակ» գործողությունը պանթուրքական ձգտումները «խորհրդային պետության շահերի» համատեքստ մտցնելու վերջին օրինակը դարձավ։

20-րդ դարավերջին՝ խորհրդային խաղաղ ժամանակ, Ադրբեջանը շարունակեց դարասկզբի Թուրքիայի զավթողագործական քաղաքականությունը՝ օգտագործելով միջնադարյան դաժանության ու բարբարոսության նույն մեթոդները։ Այդ քաղաքականության ընդհանուր նպատակը կենսական տարածության ընդլայնումն է՝ հայազգի բուն բնակչության դարեր շարունակ անընդհատ բնակության տարածքները զավթելու հաշվին։ Իրականացման մեթոդները՝ հայ ժողովրդի բնաջնջում, արտաքսում, հայրենազրկում, հայ մշակութային ժառանգության ոչնչացում կամ յուրացում։

Արսեն Մելիք-Շահնազարովը «Լեռնային Ղարաբաղ. փաստերն ընդդեմ ստի» գրքում գրում է: «Օղակ» գործողությունը՝ մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն է, որն աոբողջությամբ ընկած է Ադրբեջանական հանրապետության և ԽՍՀՄ ղեկավարության և ուժային կառույցների վրա:

«Օղակ»-ը դարձավ նույնիսկ ավելի գարշելի ու նողկալի հանցագործություն, քան Սումգայիթի ջարդն ու կոտորածը, քանի որ «Սումգայիթից» հետո միութենական իշխանություններն այնուամենայնիվ ձևացնում էին, թե մտահոգված են իրողությամբ, արդարանում էին «զորքի երեք ժամ ուշանալով» և անգամ ձևական դատական գործընթաց էին ձեռնարկել ջարդարարների խմբի նկատմամբ։ «Օղակ» գործողության դեպքում Կրեմլի վարչակարգը նույնիսկ չի էլ փորձել զատել իրեն ադրբեջանական հանցագործ ղեկավարներից։ Ընդհակառակը, Կրեմլը բացեիբաց աջակցեց նրանց։ «Օղակ» գործողության, տեղահանման և ջարդերի գլխավոր պատասխանատվությունն, անկասկած, ընկած է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի վրա։

Վիկտոր Կրիվոպուսկովի ձևակերպմամբ ՝ «Օղակ» գործողությունը դարձավ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ ուղղված, ծավալով ու դաժանությամբ աննախադեպ և բովանդակությամբ աղվանացված միջոցառում։

1991 թվականի մայիսի 1-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը միաձայն որոշում ընդունեց, որը դատապարտում էր ԽՍՀՄ և Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼեռնայինՂարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի հայազգի բնակչության դեմ իրականացված հանցագործությունները։

Որոշման մեջ ասվում է։ Հաշվի առնելով, որ խորհրդային և ադրբեջանական զինված ուժերը, խախտելով ճանաչված միջազգային նորմերը, ավերել են հայկական գյուղերը և տեղահանել հայազգի բնակչությունը Լեռնային Ղարաբաղից և հարակից վայրերից, և այն որ զինված ջոկատները վտանգի են ենթարկում կայունությունն ու խաղաղությունը Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում, Սենատը որոշում է հետևյալը.

1. Դատապարտել հարձակումներն անմեղ մարդկանց, կանանց և երեխաների վրա ԼեռնայինՂարաբաղում, հարակից հայկական բնակավայրերում և Հայաստանում,

2. Դատապարտել ռազմական ուժի լայնամասշտաբ կիրառությունը, ինչպես նաև անզեն բնակչության գնդակոծությունները Հայաստանի արևելյան և հարավային սահմաններին,

3. Կոչ անել վերջ դնել շրջափակումներին և ուժի կիրառության այլ ձևերին, ինչպես նաև ահաբեկչությանն՝ ուղղված Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։

Հաթերքի երեխաները։ Նրանք չեն տեսել ցեղասպանության և պատերազմի սարսափները։ Նրանք ապրում են իրենց հողի վրա՝ այնտեղ, ուր դարեր շարունակ ապրել են իրենց պապերն ու նախապապերը։ Ադրբեջանի չարագույժ ծրագրերը Հաթերքում ձախողվեցին։ Բայց այնտեղ՝ այս բարձր լեռների անմիջապես ետևում, որբացած Գետաշենն է, որի բնակիչները մինչ օրս զուրկ են իրենց հայրենիքից։ Աշխարհով մեկ սփռված՝ նրանք միևնույն է հավատում են, որ իրենց զավակներն անպայման կվերադառնան հարազատ Գետաշեն։

Տասնյակ տարիներ հարյուր հազարավոր հայերի իրավունքներն անտեսվում են միջազգային կառույցների կողմից։ Տասնյակ տարիներ նրանք զրկված են հայրենի օջախներ վերադառնալու հնարավորությունից։ Ինչպես հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի մյուս հանցագործությունները, «Օղակ» գործողությունը ևս մինչ օրս չի ստացել պատշաճ իրավական և քաղաքական գնահատական։ «Օղակ» գործողության Նյուրնբերգյան դատավարությունը դեռ առջևում է։

Վերծանման հատվածներ

*
Իմ անունն է Շմավոն Ռուբենի Գունգազարյան, դպրոցի տնօրեն եմ, բարձրագույն կրթությամբ, ավարտել եմ 1968թ.։ Գյուղում ապրում էին միայն հայեր 1.300, անգամ ավել տարիներ։ Ես կարող եմ դա հաստատել. մենք այնտեղ գերեզմանատուն ունենք, որը դա փաստում է։ Անհաժեշտության դեպքում կարելի է ապացուցել։

*
Դեպի Ազոխ տանող ճանապարհին բռնագրավված տեխնիկայի շարասյուն տեսանք։ Ինչպես ասում էին՝ հայ զինյալներից էր բռնագրավված։ Բանն այն է, որ այնտեղ կար կաթնատար, վառելատար, նման թափքային մեքենաներ, մարդատար Վոլգա, որը նույնպես քաղաքացիական, պետական մեքենա էր։ Այդ մեքենաները չէին կարող օգտագործվել ռազմական գործողություններում:

*
Հայ ղեկավարները դիմում էին Գորբաչովին և Պուգոյին, իսկ վերջիններս պատասխանում էին, թե այնտեղ զինյալներ են, և ռազմական գործողությունը զինյալներին ոչնչացնելու նպատակով է։ Ես զինյալներ չեմ տեսել։ Հետագայում իհերկե տեսել եմ ֆիդայիներ, բայց նրանք պաշտպաններ էին, որ փրկում էին կանանց, երեխաներին, ծերերին։ Նրանք զինյալներ չէին, այլ իսկական տղամարդիկ, ովքեր պաշտպանում էին թույլերին, և ոչ միայն իրենց հարազատներին, անարդարացի սպանդից։

*
Նման բան չկա, բոլորը տեղային են մեզ մոտ։ Այս բոլորը մեր երեխաներն են, հարյուրավոր երեխաներ։ Տեսեք նախադպրոցական տարիքի քանի երեխա ունենք։ Ընդամենը 7-8 տուն է այստեղ, եթե ամբողջ գյուղը լիներ, այստեղ կանգնելու տեղ չէր լինի։
-Ճիշտ է։
-Եթե հովիվը մեզ նախազգուշացրած չլիներ, մեզ հիմա կոտորած կլինեին։

*
Վերջին մի քանի ամիսների ընթացքում եկավ տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանի տարածքում հայտվել է ինչ-որ գաղտնի ՕՄՈՆ, իհարկե ապօրինի։ Նրանք, ընդհանուր առմամբ, զբաղվում էին անասունի հափշտակությամբ, իրականացնում ասպատակություններ։ Այսպես, մի անգամ Մարտակերտ տեղեկություն հասավ, որ տեղի է ունեցել հարձակում մի ընտանիքի վրա, և ես մեկնեցի այնտեղ։ Ամուսինը հայ էր, կինն՝ ադրբեջանուհի, նրանք փոքրիկ երեխաներ ունեին և ապրում էին փոքրիկ տանակում։ Ինչպես իրենք էին պատմում, գիշերն իրենց տուն է ներխուժել 4-5 հոգի՝ օմոնական համազգեստով և ինքնաձիգներով, կրակ բացել, որից հետո խլել անասունը, ալյուրը և ընդհանուր առմամբ կենսական նշանակության ամբողջ սննդամթերքը։ Նրանք չէին կարող որևէ տեղից սնունդ հայթայթել, և փաստորեն մատնված էին սովամահության, այլ կերպ չես ասի։ Երբ մենք զննում էինք այդ փոքր սենյակը, մենք փամփուշտի հետքեր տեսանք պատին՝ մանկական մահճակալի վերևում, բառացիորեն 5սմ վրա, եթե աղջնակը մի քիչ բարձրանար, ապա անշուշտ կզոհվեր։ Սկսեցի հարցուփորձել տանտիկնոջը։ Նա պնդում էր, որ դրանք հենց ադրբեջանցիներ էին, քանի որ ինքն էլ արդբեջանուհի էր, հիանալի տիրապետում էր ադրբեջաներենին և լիովին կարող էր տարբերել հայերին ադրբեջանցիներից։ Ստորաբաժանումների վերաբերյալ, որոնք կարող էին ապակայունացնել Լեռնային Ղարաբաղում առաջացող իրադրությունը, օրինակ՝ իրականացնել անասունի հափշտակում և այլն, ինչի մասին էլ ըստ էության տեղեկություն էր գալիս, կասեմ, որ այդ մարդիկ ընդհանրապես պատրաստված չէին լուրջ մարտական գործողությունների վարման համար։ Դրանք հենց իրավիճակի ապակայունացման համար էին, օրինակ անասնաբուծական ագարակների վրա հարձակումների տեսքով, ինչը փաստորեն տեղի էր ունենում յուրաքանչյուր գիշեր անընդմեջ։ Եվ համաձայն տեղեկությունների, որոնք հասնում էին ինչպես պարետատուն, այնպես էլ մեր կիրարկիչ-քննչական խմբի ղեկավարությանը, այդ ստորաբաժանումները զբաղվում էին կողոպուտով, ընդ որում ոչ միայն հայկական բնակավայրերում, երբեմն նրանք չէին խորշում յուրայիններին իսկ թալանել։ Հայաստանի տարածքում նրանք երկար չէին մնում, իսկ Ադրբեջանի տարածքում՝ անձնագրային ստուգումների բացակայության պատճառով, դրանց բացահայտումն այդ տարբերակով գործնականում անհնարին էր։

*
ՕՄՕՆ-ն ամեն անթույլատրելին անում է՝ ոտնահարելով մարդկային բոլոր իրավունքները։ Իսկ այն, ինչ անում են հիմա հայերը, բնական է. երբ հարձակվում են մարդու վրա, նա պետք է պաշտպանվի։ Ես անգամ խոսք չեմ գտնում արտահայտվելու, այս ի՞նչ է կատարվում։ Նրանք ասում են, թե՝ «ապրեք մեր հողի վրա և մենք ձեզ չենք անհանգստացնի», իհարկե, լրագրողների առջև և երբ դուք եք Կենտրոնից ժամանում, իսկ երբ հեռանում եք, նրանք սկսում են կրակել մեզ վրա, ճնշում գործադրել, հարձակվել։
-Որքա՞ն անասուն է հափշտակվել ձեզանից։
-Միայն մեր կոլտնտեսություններից՝ մոտ 600 գլուխ։

*
-Ես չեմ կարողանում ծնողներիս այցելել, ոչինչ չգիտեմ նրանց մասին։ Այս ի՞նչ են անում։ Հենց հրաձգությունը սկսվում է, երեխաները վախենում են։
-Ովքե՞ր են կրակում։
-Ադրբեջանցիները։ Չեն թողնում մեզ հանգիստ ապրել։ Օգնե՛ք մեզ, խնդրում եմ։
-Զորքը չի՞ օգնում։
-Ո՛չ, զորքը չի օգնում։
-Նրանք երեկոյան և գիշերն են կրակում, իսկ զինվորներն ասում են, թե իրենք ցերեկը պետք է մեզ ծառայեն։ Իսկ երեխաները վախենում են։

*
Ադրբեջանական ՕՄՕՆ-ն այն օրերին սարսափելի վայրագություններ էր անում, նրանց թույլատրված էր ամեն ինչ։ Նրանք տներ էին ներխուժում անձնագրային պայմանակարգի ստուգման պատրվակով և իբրև զինյալներ էին փնտրում։ Իրականում անձնագրերը նրանց չէին հետաքրքրում. նրանք պարզապես ավազակություն էին անում, հափշտակում անասունն ամբողջ գլխաքանակով, խաղաղ բնակչության հանդեպ իրենց դրսևորում էին ինչպես վայրենիներ, ավազակներ, ընդհուպ մինչև կանանց բռնաբարություն ամուսինների աչքի առջև։ Այս ամենը, բնականաբար, հարուցում էր պատասխան ատելություն, ստեղծվում էին ֆիդայական ջոկատներ, որոնք պաշտպանում էին գյուղերը, ընդ որում անչափ արիաբար։

*
Ամբողջ «Օղակ» գործողությունը ղեկավարվում էր, փաստորեն, Գրոմովի կողմից, ով ժամանակին այն փորձարկել էր Ավղանստանում, և իրականացրեց արդեն Ղարաբաղում, ի դեպ՝ նույնությամբ, բաձարձա՛կ ճշգրտությամբ։ Խորհրդային զորքը շրջապատել էր խորհրդային գյուղը, և խորհրդային զորքը ոչնչացնում էր խորհրդային բնակչությանը։ Իսկական մղձավանջ էր։ Ընդ որում, հեղեղում էին կրակով՝ գնդացիրներով, ինքնաթիռներից։ Դրանից հետո ներխուժում էին ադրբեջանցի օմօնականները և, ի միջի այլոց, նաև հարևան ադրբեջանական գյուղերի բնակիչները, և սոսկալի սանձարձակություններ գործում։

*
Ինձ մոտ հատկապես տպավորվել են հայր և որդի Չիլինգարյանները։ Հայրը Հայրենական պատերազմի մասնակից էր և կորցրել էր ոտքը։ Նրանք պատմում էին, որ երբ ադրբեջանցիներն իրենց գերեվարել են, ճանապարհին ավտոբուսի մեջ սկսել են ծեծել։ Դժվար է պատկերացնել, բայց ծեր հաշմանդամին ծեծում էին իր իսկ հենակով, և նրա աչքի առջև նսեմացնում ու տանջում էին որդուն՝ մարմնին ծխախոտ էին հանգցնում, գցել էին հատակին և միաժամանակ մի քանի հոգով թռչկոտում էին նրա վրա, ծեծում ու ծաղրում էին։ Այնուհետև մազերից բարձրացրել են և հանել գանգամաշկը. և այս ամենը հոր աչքի առջև…

*
Սաստիկ ծեծեցին, այնուհետև հանձնեցին օմօնականներին։
-Իսկ ի՞նչ է Ձեր գլխին եղել։
-Դանակը հանեցին և 10ք/սմ գանգամաշկս պոկեցին։
-Ովքե՞ր։
-Օմօնականները։
-Իսկ ասացի՞ն, թե ինչու են այդպես վարվում։
-Ի՞նչ պիտի ասեին. շատ խիստ ծեծեցին, կողերս կոտրեցին, գլուխս մի քանի տեղից ծակեցին և մաշկազերծեցին։

*
1. Մեզ բերեցին Վերին Շեն, որտեղ և մենք ապրում էինք։ Անընդհատ կրակոցներ էին լսվում, իսկ մարդիկ մեզ պատմում էին բոլոր այն սարսափների մասին, որ նրանք ստիպված էին վերապրել։ Մենք գիտեինք վիրավոր երեխաների մասին, սպանված տղայի մասին, մենք հանդիպել ենք ուսուցչուհուն, ում որդին զոհվել էր, և ոչ մի հարազատ այլևս չէր մնացել։ Այս ամենը խաղաղ Մոսկվայից հետո ուղղակի հրեշավոր էր… Մենք ապրեցինք Վերին Շենում մի քանի օր։ Մենք գիտեինք, որ շրջակա բոլոր գյուղերը շրջապատված էին, և ցնցված էինք, որ Խորհրդային 23-րդ բանակը մասնակցում է այդ միջոցառումներին Ադրբեջանի կողմից, այսինքն օգնում է շրջապատել գյուղերը, դուրս չթողնել բնակիչներին, անցկացնել մաքրումներ, տեղահանություն… Նրանց աչքի առջև սպանում ու բռնաբարում էին կանանց, երեխաներին ու ծերերին, կողոպտում էին ունեցվածքն ու ավերում տները. և այս ամենը քողարկվում էր մեր զինվորների կողմից։ Դա, իհարկե, ահավոր էր։

*
1. Մեզ տարան ՕՄՕՆ-ի զբաղեցրած գյուղեր, և մենք տեսանք հայերի կողմից լքված լավորակ տներ, որոնց մեջ նոր-նոր թուրք-մեսխեթների էին բնակեցրել։ Նրանք, անշուշտ, ևս դժբախտ մարդիկ էին, ովքեր ժամանակին ստալինյան ճնշումների զոհ էին դարձել և ում համար տեղահանված հայերի տները գոնե որևէ ապաստան էին դարձել։ Ադրբեջանական իշխանությունները հաշվանկատ ու լկտի քաղաքականություն էին վարում, ձգտելով նման կերպ ամրապնդել զավթված տարածքները։
Այնուհետև մեզ ցույց տվեցին ևս 3 ոչ մեծ գյուղ, որոնք, մեզ համար անհասկանալի պատճառներով, զավթարարները լքել էին։ Դա չափազանց ընկճող տեսարան էր. լքված, կողոպտված և ավերված տներ, դատարկ գյուղեր՝ ամենուրեք թափթփված իրերով, որոնք բնակիչները չեն կարողացել տանել… Հիշողությանս մեջ արմատավորվել է փողոցում ընկած դպրոցական տետրակը՝ գրված տառերով ու բառերով, որի վրա զինվորական ճտքակոշիկի կեղտոտ հետք էր։ Ես հավաքեցի մի քանի պարկուճ, որոնք վկայում էին, որ մինչ զավթումը գյուղը գնդակոծվել էր։

*
Մենք այնտեղ մնացինք 2 օր։ Մեքենայով շրջում էինք գյուղում և ամենուրեք տեսնում էինք բարձունքներին կանգնած զրահամեքենաներ։ Զինվորներն իրենց պահում էին զավթիչների նման։ Նրանք երթևեկում էին ճանապարհներով առանց արագությունը նվազեցնելու, մտնում խաղողի այգիներն ու դաշտերը… Բնակիչները չէին վախենում, բայց բոլորն էլ հասկանում էին, որ գյուղը կարող է օդից ռմբակոծությամբ պարզապես ոչնչացվել։ Գյուղն ունևոր էր, հարուստ, և ադրբեջանցիների համար այնտեղ, իհարկե, գայթակղությունը մեծ էր։

Օգոստոսի 20-ին նկատելի էր, որ զինվորականները շփոթված են։ Հավանաբար Մոսկվայի իրադարձությունները և Արտակարգ դրության պետկոմի հետ կապված անորոշությունը ստիպել էին նրանց տարակուսել։ Պարզ դարձավ, որ հազիվ թե նրանք համարձակվեն այդ միջոցառումներին։ Սկզբում մենք կարծում էինք, թե նրանք կօգտվեն իրավիճակից, երբ ամբողջ աշխարհը ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում, և անկատելիորեն ու հապճեպ գյուղը կոչնչացնեն։ Սակայն, փաստորեն, նրանց մեջ կային առողջ դատողությամբ մարդիկ, ովքեր հասկացել էին, որ անհրաժեշտ է սպասել առնվազն, թե ինչով կավարտվի Մոսկվայում ստեղծված իրավիճակը, քանի որ հրամաններն ի կատար ածող հերոսներից նրանք կարող էին վերածվել հանցագործների։

Օգոստոսի 22-ին մենք ուղղաթիռով մեկնեցինք Հաթերքից։ Հիշում եմ՝ ինչ ոգևորություն էին ապրում մեզ ճանապարհող բնակիչները։ Ես վստահ էի, որ առաջինը, ինչ Ելցինը կանի, ուշադրություն կդարձնի Ղարաբաղի վրա, քանի որ ավելի սարսափելի իրավիճակ և ավելի առաջնային խնդիր չկար։ Ակնհայտ էր այդ բոլոր բնակավայրերի հայկականությունը, և հենց այստեղ էին մարդիկ գտնվում կրկնակի լծի տակ՝ և՛ զորքի, և՛ ՕՄՕՆ-ի կողմից։ Մենք հրաժեշտ էինք տալիս գյուղացիներին, ողջագուրվում ֆիդայիների հետ և ասում նրանց՝ դիմացե՛ք, հիմա Ռուսաստանը բոլորովին այլ է՝ ուժեղ ու ժողովրդավարական, և շուտով ամեն ինչ այլ կլինի ձեր կյանքում։

*
Կարծում եմ, խնդիր էր դրված ցանկացած գնով ազատել տարածքները հայերից և մեկընդմիշտ լուծել Հայկական հարցը։ Դա երկրորդ ցեղասպանության փորձ էր։ Պարզ է, որ առաջինը հաջողված էր՝ հսկայական տարածք էր ազատվել հայերից։
Զոհերի առկայության հետ ոչ ոք հաշվի չէր նստում, գյուղերը պարզապես ջնջվում էին երկրի երեսից։ Որոշ ժամանակ անց այստեղ ուղղակի չէին մնա հայերի ներկայության հետքեր, ինչպես շատ այլ վայրերում։ Ինքս եմ տեսել ավերված գերեզմանատները, ջարդված խաչքարները և այլ հուշարձաններ։ Այսինքն խնդիրը ոչ միայն ուղղակի տարածքի մաքրումն էր, այլև մշակույթի, հիշողության, ինքնին՝ հայերի այստեղ երբևէ վերադառնալու հնարավորության ոչնչացումը։

*
Դա իրոք պետականորեն կազմակերպված մի ամբողջ ժողովրդի ցեղասպանություն էր. նրանք պատրաստվում էին նման կերպ արտաքսել բոլոր հայերին վաղնջական հայկական հողից։ Եվ անում էին դա ամենասարսափելի ձևերով՝ այնպես, ինչպես թուրքերը 1915թ.-ին և դեռևս 19-րդ դարավերջին, և դեռ ավելին՝ իրենց իսկ ժողովրդի դեմ։ Դժվար է անգամ գնահատական տալ նման հանցագործությանը։
-Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանի ղեկավարությունը։
-Նրանք ձգտում էին մաքրել այդ հողը հայերից։ Ժամանակին նրանք զավթել էին այդ հողը, բայց խորհրդային իշխանության օրոք ժողովուրդների բարեկամություն էր պետք նմանակեղծել, չնայած, պետք է նշել, որ մարդիկ իրոք բարեկամներ էին։ Եվ եթե չլինեին ցուցումները վերևից, գուցե և շարունակեին ապրել կողք-կողքի։ Սակայն փոխարենը վերածվեցին մեկը գազանի, իսկ մյուսը անգթորեն արտաքսվողի։





Armenia

Կայքը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության Կենտրոնի աջակցությամբ։

stop

Կայքը ստեղծվել է "Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն" հասարակական կազմակերպության աջակցությամբ


karabakhrecords

Copyright © KarabakhRecords 2010

fbtweetyoutube

Կայքի խմբագրությունը պատրաստ է քննարկել տվյալ իրադարձությունների հետ կապված բացառիկ նյութի առցանց տեղադրելու մասին ցանկացած առաջարկություն։

E-mail: [email protected]