Սովորական ցեղասպանություն - վավերագրական ֆիլմաշար
Այս ֆիլմը մեղադրանք է։ Մարդկության դեմ հանցագործության մեղադրանք, որ կատարվել է Խորհրդային Ադրբեջանում 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը։ Ցեղասպանության մեղադրանք, որ երեք օր անարգել ու անպատիժ իրագործվում էր մայրաքաղաք Բաքվից կես ժամվա ճանապարհի վրա գտնվող Սումգայիթում։
Ընդունված է համարել, որ «սումգայիթը» Ադրբեջանի պատասխանն էր՝ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նիստի որոշման. դիմել մարզը Ադրբեջանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու խնդրանքով։
Իրականում, սումգայիթը խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ խտրականության, անպատիժ սպանությունների, տեղահանման, էթնիկ զտումների՝ հետևողական, թեև քողարկվա՛ծ քաղաքականության բացահայտ դրսևորումն ու շարունակությունն էր։
80-ականների վերջին Ադրբեջանի ազգայնական ուժերը սաստկացրեցին էթնիկ զտումների քաղաքականությունը՝ արդեն իսկ հայաթափված Նախիջևանի օրինակով։ Եթե 20-րդ դարասկզբին հայերը կազմում էին Նախիջևանի բնակչության 45%-ը, ապա 70-ականների վերջին այդ թիվն ընդամենը 1% էր։
«1987 թվականի հուլիսից դեկտեմբեր Ադրբեջանի ԽՍՀ Շամխորի Կոմկուսի Շրջկոմի առաջին քարտուղար Ասադովը հայ բնակչության վտարման քաղաքականություն էր վարում Չարդախլու գյուղից՝ Խորհրդային Միության երկու մարշալների, երեք հերոսների, հինգ գեներալների հայրենիքից»։ 1987 թվականի հոկտեմբերի 17-ին Ազատություն ռադիոկայանի մեկնաբան Էլիզաբեթ Ֆուլերը հաղորդում է, որ զորքը շրջապատել և ուղեփակել է Չարդախլու գյուղը։ Նույն Ասադովը 1988 թվականի փետրվարի 14-ին ի լուր ամենքի հայտարարեց, որ «հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահի ներխուժել Ղարաբաղ և սպանդ կազմակերպել»։
Փետրվարի 20-ի որոշումը Արցախի՛ պատասխանն էր Ադրբեջանում տասնամյակներ շարունակ իրականացվող սպիտակ եղեռնին։ Արցախահայության օրինական որոշմանն Ադրբեջանն անմիջապես պատասխանեց բռնությամբ։ Հայերին պատժելու և Ղարաբաղից վտարելու կոչերով, փետրվարի 22-ին ադրբեջանական Աղդամ քաղաքի բնակիչների բազմահազար ամբոխը, ճանապարհին ջարդուխուրդ անելով ամեն ինչ, շարժվեց դեպի հայաբնակ Ասկերան, հրահրելով բախում։ Գիտակցաբար քողարկելով ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքը, այսինքն բախման ընթացքում նրանց կողմից յուրայինների սպանությունը, ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսևը կենտրոնական հեռուստատեսությամբ հայտարարեց Ասկերանում երկու մարդու սպանության մասին, հատուկ ընդգծելով՝ ազգությամբ ադրբեջանցի։
Փետրվարի 26-ին, թերթերում հրապարակվեց ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի ուղերձը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Հայաստանը պատասխանեց բազմահազար հանրահավաքների դադարեցմամբ։ Ադրբեջանի պատասխանը «սումգայիթն» էր։
1989 թվականին «Զնամյա» ամսագրում տպագրված հոդվածում Ջորջ Սորոսը գրում էր:
«Իրականությունից այնքան էլ հեռու չեն ենթադրությունները, որ Ադրբեջանում հայերի առաջին ջարդերը սադրել է տեղի մաֆիան, որը կառավարվում էր Ադրբեջանի պետանվտանգության նախկին ղեկավար Հեյդար Ալիևի կողմից, Միխայիլ Գորբաչովի համար անշահեկան իրավիճակ ստեղծելու նպատակով։
Այս կադրերը եզակի են։ Առանց խոդընդոտի և սառնասրտորեն նկարահանել ջարդարարների գազազած ավազակախմբերին, ռադիոկապով ադրբեջաներեն հաղորդակցվելով և միմյանց ցուցումներ տալով, կարող էր միայն մեկ կառույց՝ պետանվտանգության գեներալ Հեյդար Ալիևի կողմից փայփայված Ադրբեջանական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեն։
2. 1.
Փետրվարի 26-ին Սումգայիթ ժամանեց Ադրբեջանի կուսակցական ղեկավարությունը՝ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Բագիրովը, Կենտկոմի քարտուղար Հասանովը և Կենտկոմի վարչական մարմինների բաժնի պետի տեղակալ Ասադովը։ Նույն օրը Սումգայիթում՝ Լենինի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։ Բարձրաբեմին հայտնվեցին այսպես կոչված փախստականները Կապանից, որոնք նախապես պատրաստվել էին սումգայիթի դահիճներին հրահրելու համար։ Նրանք բորբոքում էին ամբոխն ակնհայտ սուտ հաղորդումներով, իբր Հայաստանում ադրբեջանցիների հանդեպ բռնություն, վտարում և սպանություններ են իրականացվել։ Հնչեց «Մահ հայերին» կոչը։
Փետրվարի 27-ին սկսվեցին իշխանությունների և իրավապահ մարմինների կողմից չկանխարգելվող ջարդերն ու սպանությունները։ Ինչպես կպարզվի հետագայում, իշխանությունները պատրաստվում էին հիմնական գործողություններին։
Փետրվարի 28-ին ջարդերն ու սպանություններն ընդունեցին զանգվածային և առանձնակի դաժան բնույթ։ Նախապես պատրաստված մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով, դանակներով, հեսաններով զինված ավազակախմբերն անսխալ գտնում էին հայկական բնակարաններն ու ներխուժում։ Մարդկանց սպանում էին իրենց իսկ տներում, բայց ավելի հաճախ դուրս էին հանում փողոց նախքան սպանությունը հրապարակա՛վ նսեմացնելու համար։
Փետրվարի 29-ին քաղաք զորք մտավ՝ զինված դատարկ փամփուշտներով և չխառնվելու հրամանով։ Խորհրդային բանակի զինվորների ու սպայերի աչքի առջև տեղի են ունենում հայերի սպանություններն՝ այլասեռվածության հասնող առանձնակի դաժանությամբ։
3. 19. Սամվել Շահմուրադյան
Մեղադրական եզրակացության այս էջերը ժամանակի ընթացքում խունացել են, բայց այստեղ շարադրված մանրամասները չեն դադարում ցնցել գիտակցությունն ու խոցել հոգին՝ վկայելով աննախադեպ դաժանության մասին, որով իրագործվել են Սումգայիթի հայերի բոլոր սպանությունները։ Խնայելով դիտողին, անգամ այսօր՝ 22 տարի անց, մենք չենք կարող հրապարակել սումգայիթի բոլոր մանրամասները։ 1988 թվականի փետրվարի 29-ին կայացած ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի նիստին Միխաիլ Գորբաչովի խնդրանքին՝ պատմել, թե ինչպես էին սպանում, պաշտպանության նախարար Յազովը պատասխանեց. երկու կանանց կուրծքը կտրել են, մեկի գլուխն են կտրել, իսկ մի աղջնակի մաշկը քերթել են։ Տանջահարված հայերի դիակները տեսնող կուրսանտներն ուշաթափվում էին»։
«2բ շենքի մոտակայքում թաղամասի բնակիչների աչքի առջև Ահմեդովի կողմից կազմակերպված՝ խուլիգանություն անող անձանց խումբը, միավորված մեկ դիտավորությամբ, կացիններով, դանակներով, մետաղյա խողովակներով, ձողերով և այլ առարկաներով զինված, գիտակցելով իրենց գործողությունների առանձնակի դաժան բնույթը և տուժածներին հատուկ տանջանքների հասցնումը, սկսեց այդ առարկաներով ծեծի ենթարկել Մելքումյանների ընտանիքի անդամներին և Միշա Համբարձումյանին, նրանց գլխին և մարմնի կենսական նշանակության այլ մասերին հասցնելով բազմաթիվ հարվածներ»։
Միշա Համբարձումյան, ծնված 1941 թվականին։ Սպանվել է փողոցում։ Այրվածքային ցնցակաթված, 3-րդ կարգի այրվածքներ կրակով մարմնի ամբողջ մակերևույթի երկու երրորդի մասով։ Գանգի բեկորային կոտրվածքներ, արյունազեղում ուղեղում։
4. 2. Օրագիր
Վկա Ջամալ Իսմաիլօղլի Մուրադով։ «Այնտեղ տներ էին ավերում։ Իսկ մեր ոստիկանությունը կանգնած նայում էր։ Ավազակները օպերատիվ էին գործում։ Նրանք արագ գտնում էին հայերի բնակարանները, թե ինչ կերպ՝ չգիտեմ։ Բարձրախոսով երիտասարդը ղեկավարում էր ամբոխը, նրան լսում էին բոլորը։ Ավազակախումբը զինված էր։ Ամբոխում տարբեր տարիքի մարդիկ էին, անգամ 3-4 տարեկան երեխաներ։ Ես շատ թվով ոստիկաններ եմ տեսել, ովքեր նայում էին և ոչինչ չէին անում, կարծես թե դա իրենց չէր վերաբերում։ Կենտրոնում մեծ քանակությամբ քարեր կային, թե որտեղից էին՝ չգիտեմ։ Մեզ մոտ նախկինում նման քարեր չկային։ Ես տեսա, թե ինչպես էր վառված մեքենայի կողքին մի մարդ այրվում. սարսափեցի։ Միայն բարբարոսները կարող են նման բաներ անել։ Այնտեղ մի կին կար, ում սաստիկ ծեծում էին։ Այնուհետև ես փողոցում տեսա մահացած մարդկանց։ Մի փոքր այն կողմ մերկ կին էր ընկած՝ ամբողջովին արյան մեջ։ Սարսափելի էր, կյանքումս նման բան չէի տեսել։ Հետո ես տեսա, թե ինչպես էր մի երիտասարդ տրորում կենդանի մարդու գլուխը»։
5. 3. Վիկտորիա Գրիգորյան
Սեդա Դանիելյան, ծնված 1938 թվականին։ Ամուսնու և որդու հետ միասին դուրս է հանվել փողոց։ Անարգանքներից հետո սպանվել է։ Սպանվել է նաև նրա ամուսին Նիկոլայ Դանիելյանը, որդուն հիվանդանոցում հաջողվել է փրկել։
6. 4. Վիտալի Դանելյան
Վկա Վալերիյա Կոզուբենկո, ով փորձել էր իր տանը թաքցնել հայկական ընտանիք։ «Մեր բնակարան մտած ավազակները զինված էին ձողերով, ամրաններով, մեծ դանակներով։ Մետաղյա ձողերը միևնույն չափի էին, ասես հատուկ կտրատված։ Այդ ավազակները՝ բացարձակապես բոլորը, սև էին հագնված և համարյա բոլորը՝ երիտասարդ։ Ամսի 28-ից մեր հեռախոսներն անջատված էին»։
Արտաշ Առաքելյան, սպանվել է փետրվարի 29-ին։ Քաղվածք մահվան վկայագրից. արյունազեղում ուղեղում, գանգոսկրերի կոտրվածքներ, կողոսկրերի կոտրվածքներ թոքի վնասվածքով, մարմնի բութ վնասվածք, դիակի ածխացում։
Նրա կինը՝ Ասյա Արաքելյանը, հրաշքով է փրկվել մահից, ենթարկվելով դաժան ծեծի, ծաղրանքի և հրկիզման փորձի։
7. 5. Եմելյանով
1988 թվականի մարտի 20-ին «Սումգայիթի կոմունիստ» թերթը «Ու՞ր էր նայում ոստիկանությունը» հոդվածում գրում էր. «Մինչ ավազակները կոտրում էին հարևանի դուռը, ես երեք անգամ զանգահարել եմ ոստիկանություն»՝ հեռախոսով հուզված խոսում էր մի բնակչուհի, ով չցանկացավ ներկայանալ։ «Ամեն անգամ ինձ պատասխանում էին՝ «Այնտեղ մարդ ենք ուղարկել», բայց ոչ ոք չեկավ»։
ԽՍՀՄ Գերագույն դատարանի նիստի արձանագրությունից առ 3-ը նոյեմբերի 1988 թվական։ «Գործի նյութերով հաստատված է, որ 1988 թվականի փետրվարի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Սումգայիթ քաղաքի ներքին գործերի մարմիններն անգործության էին մատնված, իրավակարգի կոպիտ խախտումների պասիվ դիտորդներ էին, չէին արձագանքում քաղաքում, այդ թվում 41ա թաղամասում, տեղի ունեցող անկարգությունների, հայերի սպանությունների և կողոպուտների, այլ հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդագրություններին։ Սույն միջնորդությանն առընթեր հեռագրից երևում է Սումգայիթի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Ջահանգիր Մուսլիմզադեի սադրիչ դերակատարությունը»։
Վկա Սաբիր Գուլիև։ «Ջարդարարների մոտ հատուկ մետաղյա ձողեր կային մոտ 70 սանտիմետր երկարությամբ՝ ասես հատուկ ջարդերի համար պատրաստված… Քաղաքում ոստիկանություն չկար, ես չեմ տեսել… Հեռախոսագծերը կտրված էին…
8. Սրա զենքն է: Վատառոգջ է: Այսօր է վատ, երեկ լավ էլ աշխույժ էր:
Հատուկ սալաքարեր էին բերվել… Ավազակների մոտ մահակներ ու սաղավարտներ կային, որոնք նրանք խլում էին զինվորներից։ Այդ ջարդերը մեկ օրում չէ, որ կազմակերպվել են։ Դրանց երկար են նախապատրաստվել»։
Առաջին ատյանի քրեական գործերի վերաբերյալ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն դատարանի վճռից առ 5-ը հունիսի 1988 թվական։ «Մեղադրյալ Քերիմովը զանգվածային անկարգությունների մասնակիցների խմբի հետ միասին ավտոմեքենայով գնացել է «Ստալկոնստրուկցիա» և «Երկաթբետոնե կոնստրուկցիաներ» գործարանները, մետաղյա ամրանների կտորներով բեռնավորել ավտոմեքենան և բերել 41ա թաղամաս զանգվածային անկարգությունների մասնակիցներին բաժանելու նպատակով»։
«Մնացականը՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ, աշխատում էր որպես մետաղագործ։ Պատմում է, որ դրանից մի քանի օր առաջ պատվեր է ստացել՝ ամրաններ պատրաստել, կտրատել և սրել։ Հետագայում նա իր պատրաստած ամրանները ջարդարարների մոտ է տեսել. Ալեքսանդր Վասիլևսկու «Ամպը սարերում» հոդվածից, «Ավրորա» ամսագիր, 1988 թվական։
«Դեռևս պետք է պարզել, թե ինչպես ստացվեց, որ փետրվարի 28-29-ին քաղաքում շատ հեռախոսներ անջատված էին, ով է պատասխան տալու «նստեք տանը» հանգստացնող խորհուրդների համար, այն դեպքում, երբ մարդկանց պետք էր շտապ տարահանել». գրում էր Վիկտոր Լոշակը 1988 թվականի մայիսի 22-ին «Մոսկովսկիե նովոստի» թերթում հրապարակված «Սումգայիթ։ Ողբերգության վերջաբան» հոդվածում։
«Բարդ իրավիճակի օրերին քաղաքի գործարաններից մեկում տեղի է ունեցել կացինների, դանակների և այլ առարկաների պատրաստում, որոնք կարող էին օգտագործվել խուլիգանություն անող տարրերի կողմից» հաղորդում էր «Սումգայիթի կոմունիստ» թերթը 1988 թվականի մայիսի 13-ին։
9. 23. 1989, հոկտեմբեր…
Մոսկվայում կայացած դատական նիստի ընթացքում շատ կարևոր ցուցմունք տվեց վկա Իլյասովը։ «Ես գտնում եմ, որ նրանք նախօրոք են իմացել հայերի հասցեները։ Ես այդ եզրակացությանն եմ եկել, քանի որ ջարդարարներն անսխալ մտնում էին այն մուտքերը, որտեղ հայեր էին բնակվում։ 28-ի առավոտյան քաղաքի փողոցներում ես քարերի կույտեր նկատեցի, որոնցով ճանապարհները պատնեշված էին, որպեսզի ոչ ոք չկարողանա հեռանալ քաղաքից։ Քարերի մեջ բացի ջարդրտված աղյուսից և խարամից, որոնք աղբանոցներում են թափված, կային նաև շինարարական քարեր, որոնք ոչ մի տեղ թափված չեն լինում, դրանք պետք է բերվեին»։ Դատախազ. «Ամբոխի մոտ որտեղի՞ց էին հայտնվել մետաղյա ձողերը»։ Վկա. «Առաջին հերթին դրանք կարող էին ձեռք բերվել մեր գործարանում, ինչպես նաև այլ գործարաններում։ Նման ձողեր ես նախկինում ոչ ոքի մոտ չեմ տեսել»։ Դատախազ. «Արդյո՞ք Ձեզ մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ այդ ամենը նախապես կազմակերպված է եղել, որ այդ ձողերը հատուկ են պատրաստվել, քարերը հատուկ են բերվել, նախօրոք պարզել են հայերի հասցեները»։ Վկա. «Կարելի է ասել՝ այո, չնայած չեմ կարող պնդել։ Երբ ամբոխը եկավ մեր թաղամաս, ջարդարարները միանգամից ներխուժեցին մուտքեր, որտեղ հայեր էին ապրում։ Իսկ այն, որ նրանք բարձրախոսով հայերի հասցեներն էին հարցնում, դա ցուցադրություն էր, մարդկանց հոգեկանի վրա ճնշում։ Իրականում հայերի բոլոր հասցեները նրանք գիտեին. գործում էին անսխալ։ Այդ ամենը խուլիգանական մղումներից չի եղել, դա կոնկրետ գործողություն էր կոնկրետ ժողովրդի դեմ, հայերի դեմ։ Ոչ թե ռուսների կամ այլ ժողովուրդների դեմ, այլ հայերի դեմ։ Փնտրում էին հենց հայերին»։
10. 6. Ռևա
Դատի ընթացքում պարզվեց նաև, որ ջարդերի օրերին Սումգայիթի մուտքի և ելքի բոլոր ճանապարհները փակված էին ջարդարարների զինված խմբերի կողմից, որոնք կանգնեցնում էին փոխադրամիջոցներն ու հայ որոնում։ Այդպես է սպանվել Գարի Մարտիրոսովը, ով փետրվարի 29-ին մեկնել է Բաքվից դեպի Սումգայիթ ընտանիքի ետևից։ Ջարդարարները կանգնեցրել են երթուղայինը, Մարտիրոսովին դուրս հանել, ծեծի ենթարկել, այնուտետև այրել։ Քաղվածք մահվան վկայագրից. գլխուղեղի արյունազեղում, գանգոսկրերի կոտրվածք, ամբողջ մարմնով այրվածքներ կրակով։
Սա բազմաթիվ վկայությունների և դատական փաստաթղթերի քաղվածքների լոկ չնչին մասն է, որն ապացուցում է, որ Սումգայիթը հայերի ցեղասպանության երկար ու մանրակրկիտ նախագծված, կազմակերպված և ղեկավարվող գործողություն էր։ Բնակշահագործման գրասենյակներում կազմվում էին հայերի բնակարանների հասցեների ցուցակները։ Հայերի բնակարաններում անջատում էին հեռախոսները։ Սումգայիթի գործարաններում պատրաստվում էր սառը զենք, վառելիքի պաշար էր կուտակվում հետագայում հայերի դիակները, ունեցվածքն ու բնակարանները հրկիզելու նպատակով։ Տեղական իշխանությունների, ոստիկանության և բժիշկների հետ հանցավոր համաձայնություն էր կնքվել։ Հանրահավաքներին ելույթ էին ունենում ամբոխը զոմբիացնող հատուկ պատրաստված սադրիչներ։ Թաղամասերում, ուր ջարդերն էին ընթանում, անջատվում էր հոսանքը։ Ջարդարարների ավազակախմբերի ներսում գործում էր հստակ համակարգ և կարգապահություն։ Հայերին խորհուրդ էին տալիս աշխատանքի դուրս չգալ և տանը նստել։ Ոստիկանություն զանգահարելուց 10-15 րոպե անց բնակարանում հայտնվում էին ջարդարարները։
Ինչպես վկայում են ականատեսները, շատ ջարդարարներ ուրախ երգում ու մասնագիտորեն նվագում էին դաշնամուրին, մինչ մյուսները հաշվեհարդար էին տեսնում բնակարանի տերերի նկատմամբ։
11. 8. Աշխատանքները տարվում են…
Սա ԽՍՀՄ գլխավոր դատախազության օպերատիվ նկարահանումն է, որն արվել է ջարդերի հաջորդ օրը՝ մարտի 1-ին։ Եվս մեկ օր անց կսկսվի ցեղասպանության հետքերի ի սպառ վերացումը։
12. 9. նրանք դուռը ջարդեցին…
Համաչափ կյանքով ապրող երկրում, ուր ամբողջատիրությունը թափանցում էր ամենուր, ուր ոչինչ չէր կարող տեղի ունենալ առանց իշխանությունների և պետանվտանգության իմացության, հրեշավոր ջարդերից բառացիորեն երկու օր անց սկսեցին տենդագին ոչնչացնել Սումգայիթի հանցագործությունների հետքերը։
13. 10. Սա արյուն է…
Սումգայիթի բակերում և փողոցներում հավաքում էին դիակներն ու լվանում արյունը, ոչնչացնում կոտրտված կահույքն ու բնակարաններից դուրս շպրտված իրերը։ Զոհվածների դիակները դուրս են տարվում դեպի Բաքու և հանրապետության այլ քաղաքներ։
14. 11. Մուդրեցովա
Վկա տնային կառավարիչ Թախմազով։ «Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի ներկայացուցիչ Գանիֆաևի հրահանգը կար այրել և հողով ծածկել ջարդուխուրդ արված բոլոր իրերը։ Այդպես էլ արեցին, ընդ որում շատ արագ։ Հաջորդ առավոտյան Քաղգործկոմից 41ա թաղամաս ուղարկեցին վերանորոգողների խմբեր, և նրանք հավաքեցին դիակներն ու ամբողջ ջարդոնը»։
Սումգայիթի փողոցներից հավաքում էին նրանց դիակները, ովքեր ծնվել ու ապրում էին այդ երկրում, աշխատում էին ի բարօրություն այդ քաղաքի և այդ երկրի. տղամարդկանց և կանանց, երիտասարդրների և ծերերի դիակներ։
Փետրվարի 29-ին բնակարանի վրա հարձակումից հետո 27-ամյա Լոլային դուրս են բերել տնից, մերկացրել, ստիպել են պարել, ծակծկել դանակներով, կտրել կուրծքը, մարմնի վրա ծխախոտներ հանգցրել, բռնաբարել։ Լոլա Ավագյանը 6 ամսական հղի էր:
Մուդրեցովայի հարցազրույցը. Սումգայիթի բնակչուհի Զինաիդա Մուդրեցովան, ով սումգայիթյան գործերով արժեքավոր ցուցմունքներ է տվել, ադրբեջանցիների կողմից ձերբակալվել և բանտարկվել է կեղծ մեղադրանքով։
Երսիլյա Մովսեսովա, 86 տարեկան, բնակվում էր Բաքվում, սպանվել է Սումգայիթում։ Քաղվածք մահվան վկայագրից. ուղեղի արյունազեղում, գանգոսկրերի կոտրվածքներ, կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ, գլխի և մարմնի բութ վնասվածքներ։ Զառամյալ կնոջ մարմնի վրա հաշվել են դանակի 31 վերք։
Սումգայիթը հիմնադրվել է 1949 թվականին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 26 կիլոմետրի վրա։ Խորհրդային լրատվամիջոցներում այս քաղաքն անվանում էին «ինտերնացիոնալ բարեկամության նմուշ»։ 250 հազար բազմազգ բնակչությունից մոտ 18 հազարը հայեր էին, ովքեր հավատացել էին պաշտոնական քարոզչությամբ «լուսավոր ապագայի քաղաքի» թախանձագին ստեղծված առասպելին։ 1988 թվականի փետրվարը պայթեցրեց այդ առասպելը ներսից. ընդամենը երեք օրվա ընթացքում Սումգայիթը ետ շպրտվեց ցուցադրական քաղաքակրթությունից դեպի քաղաքական գործիչների կողմից նպատակասլաց արմատավորվող վայրագություն։ Սումգայիթի հայերի շատ սպանություններ տեղի են ունեցել ինտերնացիոնալ քաղաքի Խաղաղության և Բարեկամության փողոցներում։ Այն, ինչ անում էին զոմբիացված տմարդներն, ընդմիշտ մտել է պատմության մեջ մեկ սարսափելի անվան ներքո՝ սումգայիթ։
Արմո Արամյան, ծնված 1928 թվականին։ Արթուր Արամյան, ծնված 1963 թվականին։ Հայր ու որդի սպանվել են միաժամանակ, մայրը հրաշքով է փրկվել մահից։
Ելենա Բաբայան, ծնված 1932 թվականին։ Փետրվարի 28-ին տուն գնալիս ծեծի է ենթարկվել։ Երկու շաբաթից ավել անշարժ պառկել է տանը։ Շտապ օգնությունը հրաժարվել է նրան հիվանդանոց տանել։ Մարտի 16-ին նա մահացել է։
Այսպիսի դասասեղանի մոտ սումգայիթյան սովորական դպրոցում նստում էր նաև Իրինա Մելքումյանը։ 27-ամյա Իրինան տառապալի խոշտանգումներից, բռնություններից և նսեմացումներից հետո հրկիզվել է։ Իրինան սպանվել է 1988 թվականի փետրվարի 29-ին իր ծնողներ Սողոմոն և Ռաիսա Մելքումյանների և եղբայրներ Իգորի և Էդիկի հետ միասին։ Նրանք բոլորը մահից առաջ ենթարկվել են դաժան խոշտանգումների ու նսեմացումների և հրկիզվել։
Էմմա Գրիգորյան, ծնված 1930 թվականին։ Մերկ դուրս են հանել բակ, նստեցրել նստարանին, խանձել մարմինը ծխախոտով, այնուհետև անարգել են, ջարդել կողոսկրերը, կոտրել գլուխը։
70-ամյա Ֆիրուզա Մելքումյանը սկզբում ծեծի է ենթարկվել, հետո մարմինը կացնով կտոր-կտոր են արել։ Նրա բղավոցները լսվում էին ողջ թաղամասով, բայց օգնության ոչ ոք չի եկել։
62-ամյա Շահեն Սարգսյանը կատաղած ամբոխի կողմից դուրս է շպրտվել իր մեքենայից, ծեծի ենթարկվել և սպանվել։ Վլադիմիր Առուշանյան, ծնված 1936 թվականին, սպանվել է։ Նրա կին Ռազմելլան անհայտ կորած էր համարվում, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նվաստացումներից ու խոշտանգումներից հետո նա նույնպես սպանվել է։ Ալեքսանդր Ղամբարյան, ծնված 1926 թվականին, սպանվել է իր տանը մետաղյա լինգով գլխին հասցված հարվածից։ Արշակ Բաբայան, ծնված 1931 թվականին, սպանվել է իր տանը դաժան ծեծից հետո։
Եղբայրներ Ալբերտ Ավանեսյան՝ 35 տարեկան, և Վալերի Ավանեսյան՝ 31 տարեկան։ Սպանվել են միաժամանակ, իրենց տան բակում, դաժան ծեծից ու խոշտանգումներից հետո։
15. 12. Վալերի Գասպարյան
16. 13. Ռիմա Ավանեսյան
Յուրի Ավագյան, ծնված 1936 թվականին։ Բնակարանի վրա հարձակումից հետո, նրան դուրս են հանել փողոց, ծեծել, կտոր-կտոր արել, այրել խարույկի վրա։
Այն օրերին հայ ժողովրդի գենետիկական հիշողությունը համառորեն պնդում էր. սա նույն ցեղասպանությունն է, նույն գործելակերպը, նույն դահիճները։ Գենետիկական հիշողությունը նաև համառորեն հուշում էր հայերին իրենց ընտանիքների փրկության համար ինքնապաշտպանության անհրաժեշտության մասին։ Ինչպես գրում է սումգայիթյան դեպքերի հետազոտող Սամվել Շահմուրադյանը. «Սումգայիթը մարդկային ոգու հաղթանակ է գազանայինի նկատմամբ»։
Հարևաններ Ռաֆիկ Թովմասյանն ու Գաբրիել Տրդատովն իրենց ընտանիքների անդամների հետ միասին 8 ժամ պաշտպանվում էին գազազած ամբոխից։ Նրանք զոհվեցին որպես հերոսներ, բայց փրկեցին իրենց հարազատներին։ Սումգայիթի հայերի ինքնապաշտպանությունը ոգու հաղթանակն է ոչնչության նկատմամբ։
17. 13. Սումգաիթի հայերի ինքնա…
Արյունից արբած և ամենաթողությունից սանձարձակված ջարդարարները սկսեցին հարձակվել՝ Կրեմլի կողմից անգործության հարկադրված զինվորականների վրա։ Օպերատիվ ամփոփագրերի համաձայն տուժել է ավելի քան 270 զինվորական։ Երբ կատաղած ամբոխը ծառայակիցների աչքի առջև բզկտել է մի զինվորի, նրա ընկերները չդիմանալով տանկն ուղղել են մարդկային կերպարանքը կորցրած մարդասպանների վրա։ Միայն դա ստիպեց Մոսկվային պարետային ժամ մտցնել։ Հենց որ զորքը սկսեց գործել հրապարակային սպանություններն ու զանգվածային ջարդը դադարեցին։
18. 16. Պահանջվում է ցուցաբերել …
Զորքի ուժեղացված պահպանության տակ փրկված հայերին տարահանել են Սումգայիթի քաղկոմի շենք, մշակույթի տուն, զորամասեր, զորանոցներ։ Հազարավոր մարդիկ մի քանի օր շարունակ պահվում էին զարհուրելի պայմաններում։ Այն բանից հետո, երբ ակումբներից մեկում հակասանիտարական վիճակի պատճառով մահացավ մի բարուր երեխա, հայերին ստիպեցին ազատել տարածքը՝ համաճարագի սպառնալիքից դրդված։
Հայերի եռօրյա սպանդը Սումգայիթում տեղի էր ունենում դեռևս կանգուն Խորհրդային Միությունում և խորհրդային իշխանության օրոք։ Ոչ միայն Բաքվում, այլև Մոսկվայում չէին շտապում փրկել խաղաղ բնակիչներին։ Փետրվարի 29-ին Սումգայիթում արյան գետ էր հոսում, իսկ Կրեմլում ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ էր ընթանում, որին Գորբաչովը երեսպաշտորեն հայտարարում է՝ «եթե մենք միջոցներ չձեռնարկեինք, ապա ցանկացած պահի կարող էր սպանդ սկսվել»։ Պաշտպանության նախարար Յազովը սպանդի սահմռկեցուցիչ մանրամասներ է ներկայացնում, ընդգծելով, որ անհրաժեշտ է զորք մտցնել։ Բայց գլխավոր քարտուղարն այլ բանով էր մտահոգված՝ ինչպես կանխել հնարավոր արձագանքը Հայաստանում։ «Անհրաժեշտ է գործել վճռորոշ և մինչև վերջ… Պետք է փակել մատույցները, որպեսզի փոխադրամիջոցները չանցնեն, որպեսզի Երևանից ինքնաթիռներ չթռչեն»։ Ավելի ուշ Գորբաչովը կարտաբերի ցինիզմի առումով աննախադեպ արտահայտություն. «Սումգայիթում զորքն ուշացավ երեք ժամով», դրանով իսկ հաստատելով սեփական մեղքը սուգայիթյան ցեղասպանության մեջ։
Մարտի 1-ին «Իզվեստիա» թերթում հայտնվում է փոքրիկ հաղորդագրություն. «Փետրվարի 28-ին Սումգայիթում՝ Ադրբեջանական ԽՍՀ, խուլիգանական տարրերի մի խումբ անկարգություններ է հրահրել։ Տեղի են ունեցել անօրինություններ և բռնության դեպքեր»։ Այս արտահայտությունն ուղղակի լրագրային հաղորդագրություն չէր, սա Գորբաչովի կողմից իջեցված հրահանգ էր՝ տեղի ունեցած իրադարձությունները համարել «առանձին խուլիգանական տարրերի» ձեռքի գործ, իսկ իրականացված զանգվածային և հրեշավոր սպանությունները բացատրել բացառապես «խուլիգանական մղումներով»։
Արդյունքում, միայն մեկ գործի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացության 100 էջերին «խուլիգանական մղումներից և խուլիգանություն անող անձանց խումբ» արտահայտությունները հիշատակվել են 84՛ անգամ։
Միասնական կենտրոնից կազմակերպված և ղեկավարվող ցեղասպանության համար միջազգային հանրության առջև պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ հանցագործությունը մանրատում է մի քանի առանձին քրեական գործերի։ Գործերից մեկը լսվել է ԽՍՀՄ Գերագույն դատարանում, երեքը Վորոնեժի, Կույբիշևի, Վոլգոգրադի մարզային դատարաններում։ Գործերի մեծամասնությունը փոխանցվել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն դատարան և Սումգայիթի ժողովրդական դատարան։ Դժվար է հավատալ, բայց միայն ԽՍՀՄ Գերագույն դատարանն է լսումներն անցկացրել Մոսկվայում, մնացած բոլոր դատական նիստերն անցնում էին Բաքվում և Սումգայիթում, չնայած զոհերի հարազատներն ու ականատեսները պահանջում էին դատերն անցկացնել Ադրբեջանից դուրս, առավել ևս ոչ Սումգայիթում։ Ամենևին էլ պատահական չէ, որ տուժող կողմը, եթե անգամ ներկա էր, ապա ստիպված էր լինում լքել դատարանի դահլիճը՝ ի նշան դատական հետաքննության ընթացքի դեմ բողոքի, ինչպես Մոսկվայում էր, կամ անտանելի և կյանքի համար վտանգավոր մթնոլորտի պատճառով, ինչպես Սումգայիթում էր։
20. 15. Ես այստեղ չեմ կարող …
Դատարանի առջև կանգնել է ընդամենն 90 մարդ, դատապարտվել է մոտ 80-ը։ Նրանցից միայն մեկը՝ Ահմեդովն է դատապարտվել պատժի առավելագույն չափի, մեծամասնությունն ընդամենը մի քանի տարի ազատազրկման է դատապարտվել, շատերը՝ պայմանական, մի մասին ազատ են արձակել դատարանի դահլիճից։
ԽՍՀՄ Գերագույն դատարանի դատավարության պետական մեղադրող՝ դատախազ Կոզլովսկու մեղադրական խոսքից.
21.16. Մեղադրյալը…
Հանցագործության կազմակերպիչները չեն հայտնաբերվել, հազարավոր դահիճներ մնացել են ազատության մեջ։
22. 17. Ռուբեն Սահակյան
Սումգայիթի կազմակերպված լինելու համընդհանուր ճանաչում գտած փաստը ստիպեց դրա իրական կազմակերպիչներին հասնել անհեթեթ պնդումների։ Նախկինում դատված մեկ հայազգու ստիպողական մասնակցությունը նրանց կողմից մինչ օրս էլ մատուցվում է որպես ապացույց, որ սումգայիթն իրոք կազմակերպված էր, բայց հենց հայերի կողմից։ Այնինչ, ադրբեջանական քաղաքական գործիչ Իլյաս Իսմաիլովը, ով 1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ դատախազ էր, 2003 թվականին հրապարակավ հայտարարել է, որ սումգայիթի կազմակերպիչներն այսօր նստած են Միլի Մեջլիսում՝ Ադրբեջանի խորհրդարանում։
Մարտի 3-ից սկսվեց Սումգայիթից փախստականների հոսքը՝ դեպի Հայաստան և ԽՍՀՄ այլ հանրապետություններ։ Սումգայիթը լքել էր 18 հազար ամբողջ հայությունը, հարյուրավորները՝ խեղված ու հաշմանդամ դարձած։ Դժողքից մազապուրծ հայերից շատերն իրենց փրկության համար պարտական են հարևաններին ու ընկերներին՝ ազգությամբ ռուս, լեզգի, ադրբեջանցի։ Միաժամանակ շատերն անողոքաբար դուռը շրխկացնում էին նրանց առջև, ում հետ տարիներ շարունակ ապրել են կողք-կողքի՝ ոմանք վախից, ոմանք էլ ջարդարարների հետ համերաշխությունից դրդված։ Սակայն Ադրբեջանում հերոս դարձան ամենևին էլ ոչ նրանք, ովքեր իրենց բնակարաններում թաքցնում էին հայերին, այլ նրանք, ովքեր որսում էին հայերին, խոշտանգում, բռնաբարում, սպանում, պղծում դիակները՝ մրցելով դաժանության ու անմարդկայնության մեջ։
Խորհրդային ղեկավարությունն արեց ամեն ինչ սումգայիթի մասին ճշմարտությունը թաղելու համար։ Մամլո հաղորդագրությունները ժլատ ու ապատեղակատվական էին։ Արտերկրյա լրատվամիջոցները նույնպես չհաղորդեցին ամբողջ իրողությունը։ 1988 թվականի հունիսին Փարիզում լույս տեսնող «Ռուսկայա մըսլ» թերթը Սուգայիթի մասին սարսափազդու մանրամասներ հաղորդեց հետևյալ հարցադրումով. «Մի՞թե այդ հանցագործությունն անպատիժ կմնա»։ Նույն «Ռուսկայա մըսլ» թերթը հաղորդել է, որ ջարդարարները ներխուժել են Սումգայիթի ծննդատուն և պատուհաններից դուրս նետել նորածին հայ մանուկներին։ Երեխաների նկատմամբ հաշվեհարդարի վկայությունները բազմաթիվ են ։ Դաժան ծեծի է ենթարկվել 3 տարեկան մի երեխա։ Բարուր երեխայի վզից պարանով կապած քարշ էին տալիս, իսկ մոր դիակն ընկած էր ոչ հեռու՝ տրոլեյբուսի կանգառում։ Այս վկայությունները կոչված են վերջ դնելու այն ցինիկ առասպելին, իբր այդ տմարդները երեխաներին ձեռք չէին տալիս։
1988 թվականի հուլիսին անգլիական «Գարդիան» թերթը «Լեռնային Ղարաբաղը փորձություն է, որին վերակառուցումը կարող է չդիմանալ» հոդվածում գրում էր. «Փետրվարին Սումգայիթ քաղաքում, այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի նստաշրջանը առաջին անգամ իր որոշումն ընդունեց, ամբողջ երկիրը ցնցած սարսափելի ազգայնականության խրախճանքի ընթացքում ադրբեջանցիների վայրագ ամբոխները 26 հայ են սպանել։ Ադրբեջանական ոստիկանությունն այս ամենը կանխելու համար ոչինչ չի արել»։
Ակադեմիկոս Անդրեյ Սախարով. «Եթե մինչ Սումգայիթը որևէ մեկի մոտ կասկած էր մնացել, ապա այս ողբերգությունից հետո ոչ ոք որևէ բարոյական իրավունք չունի պնդել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքային պատկանելիությունն Ադրբեջանին»։
22 տարի անց՝ Սումգայիթի հերթական տարելիցի առիթով, ամերիկյան կոնգրեսմեն Ֆրենկ Պալոնեն հայտարարեց. «Ադրբեջանական կառավարությունը մինչ օրս այդ իրադարձությունների պատշաճ հետաքննություն չի իրականացրել, իսկ տվյալ հանցագործության կազմակերպիչների և կատարողների մեծամասնությունն ազատ է արձակվել, որոնց մի մասը խորհրդարանի պատգամավորներ են դարձել։ Սումգայիթյան ջարդը հայերի դեմ Ադրբեջանի ռազմատենչության միայն մեկ դրվագն է»։
Այս ֆիլմը մեղադրանք է։ Ցեղասպանության մեղադրանք։ Հակառակ 26 սպանված պաշտոնական թվին, փետրվարյան երեք օրերի ընթացքում Սումգայիթում սպանվել են հարյուրավոր հայեր։ Այդ են վկայում հետևյալ փաստերը։
1. Սպանված հայերի դիակները ցրվել են Ադրբեջանի տարբեր քաղաքների և բնակավայրերի դիահերձարաններով։ Հարազատների դիակները փնտրող մարդկանց և բուժաշխատողների վկայություններով 1988 թվականի մարտին ադրբեջանական դիահերձարաններում հայերի հարյուրավոր դիակներ կային։
23. 20. Ռոզա Դանելյան
2. Սումգայիթ քաղաքի մահացության գրանցումների գրքում արված համարակալման պարզ համադրումը և ակնհայտ անհամապատասխանությունը նույնպես ապացուցում են սպանվածների իրական թվի թաքցման նապատակով հանցավոր կեղծումների փաստը։
3. Շատ զոհեր, ում դիակները պատկերված են դիահերձարանների լուսանկարներում, ներառված չեն սպանվածների պաշտոնական ցուցակում։
4. 2003 թվականին Ադրբեջանի պատվերով նկարահանված «Հեյդար Ալիև։ Իշխանության Բեռը» ֆիլմում հեղինակ Անդրեյ Կոնչալովսկին հայտարերեց, որ Սումգայիթում սպանվել է մոտ 100 մարդ։
5. «Ըմբոստ Ղարաբաղ» գրքում Վիկտոր Կրիվոպուսկովը գրում է. «Հազվադեպ էր պատահում, որ որևէ մեկը դանակի կամ կացնի հարվածից զոհվեր միանգամից։ Մեծամասնության առջևում տառապալի ծաղրանքն էր։ Չէին խնայում ո՛չ ծերերին, ո՛չ երեխաներին։ Երեք օրվա ընթացում սպանվել է մի քանի հարյուր հայ։ Ճշտել զոհվածների ստույգ թիվն այդպես էլ չհաջողվեց։
Խորհրդային ղեկավարությունն ի դեմս Գորբաչովի՝ նույնիսկ չբարեհաճեց ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ Իսկ 1989 թվականի սեպտեմբերի 20-ին ԽՄԿԿ Կենտկոմի Պլենումի ելույթում Գորբաչովը հայտարարեց. «Մենք կարողացանք հասնել ազգային խնդիրների վերաբերյալ՝ կուսակցության հենահարթակի ընդունմանը, որը նոր խոսք է ազգային քաղաքականության հարցերում»։
Սումգայիթի մարդասպանների դատերը տեղի էին ունենում 1988-1989 թվականներին պետական ահաբեկչության, Ադրբեջանի ամբողջ տարածքում էթնիկ զտումների, հայերի ջարդերի, սպանությունների, բռնի տեղահանության սաստկացող ալիքի վրա։ Ադրբեջանը չհայտարարված պատերազմ էր վարում հայերի դեմ։ Սումգայիթը մտադրվել և իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանության և նրա պատմական բնակության տարածքների վերջնական յուրացման նպատակով։ Ադրբեջանի ղեկավարներն այդ քաղաքականության իրագործմանը ներգրավել են ոչ միայն իշխանական մարմինները, այլև բնակչության լայն շերտերը՝ իրենց իսկ ժողովրդին դարձնելով մարդկության դեմ հանցագործության մեղսակից։
Այս ֆիլմը հիշատակի տուրք է Սումգայիթի և 20-րդ դարի ցեղասպանությունների անմեղ զոհերին։
24. 20-21. Սումգաիթի վերջնական…
Այս բոլոր տարիներին հայերի դեմ ուղղված ռազմատենչ ռասիզմի և սումգայիթների արդարացման քաղաքականությունը ադրբեջանական հանրությանը հանգեցրեց մարդատյացության։ Ամենևին էլ պատահական չէ, որ 2004 թվականի փետրվարին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի դասընթացների մասնակից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին գիշերը քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում ազգային հերոս է հռչակվել, ինչպես ժամանակին Սումգայիթի մարդասպանները։ Պատահական չէ նաև երբեմնի հայկական Նախիջևանում հայ մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնոցիդի շարունակական քաղաքականությունը։
Այս ֆիլմն ուղերձ է միջազգային հանրությանը մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության կանչելու կոչով։
Սումգայիթի հայ բնակչության հանդեպ հանցագործությունների վերաբերյալ Դատավարության օրագրի հեղինակ Պավել Գևորգյանը, ով որպես թարգմանիչ մասնակցել է Մոսկվայում անցկացվող դատավարոււթյանը, գրում էր.
«Ճշմարտությունն այս չարագործության մասին անհրաժեշտ է բոլորին՝ անկախ ազգային պատկանելիությունից։ Այն անհրաժեշտ է, որպեսզի նման բան չկրկնվի երբեք և ոչ մի տեղ, այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն անհրաժեշտ են մարդկությանը, որպեսզի խուսափենք «դարչնագույն ժանտախտից»։
«Սումգայիթը» չունի վաղեմության ժամկետ։ Ցեղասպանության չճանաչումը և կազմակերպիչների անպատժելիությունն ինքնին հանցագործություն է։ Սումգայիթի և դրա իրական մեղավորների մասին ճշմատությունը թաքցնելը հանգեցրեց նոր ցնցումների և զանգվածային բռնության գործողությունների ամբողջ Խորհրդային Միությունում։ Սումգայիթը դեռևս սպասում է իր գնահատականին։ Սումգայիթի «Նյուրնբերգը» դեռ առջևում է։
Կայքը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության Կենտրոնի աջակցությամբ։
Կայքը ստեղծվել է "Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն" հասարակական կազմակերպության աջակցությամբ
Կայքի խմբագրությունը պատրաստ է քննարկել տվյալ իրադարձությունների հետ կապված բացառիկ նյութի առցանց տեղադրելու մասին ցանկացած առաջարկություն։
E-mail: [email protected]